Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/411

Այս էջը հաստատված է

Բուն Սիսիանում կարկուտ քիչ է լինում, կարկուտից ավելի շատ վնասում են այն տաք քամիները, որոնք փչում են ամառվա ընթացքում, չորացնում հողը, խանձում բույսերը, հաճախ արմատախիլ անում։ Այդ քամիները տարբեր ուղղություն և անուններ ունեն. Բռնակոթին վնասում է հյուսիս- արևմտյան քամին («փիս քամի», ավելի շատ պատահում է հուլիս և օգոստոս ամիսներին), Ախլաթյանին՝ «ձախ» քամին՝ արևմտյան կողմից, Վաղուդուն՝ հյուսիս-արևմտյան քամին, որի պատճառով հասկերը ծաղկաթափ են լինում և չեն լեցնվում։ Ուղ և Ղարաքիլիսա գյուղերի համար բնորոշ են դարձյալ հարավ-արևմտյան և հարավային քամիները, որոնց ժողովուրդն անվանում է «հարավային խորշակ», «մեհի քամի» և «գյարլինջ»։ Անգեղակոթ գյուղը տուժում է հարավային քամուց։ Ժողովրդի ասելով՝ այդ քամիները նպաստում են մի շարք հիվանդությունների տարածման (ժանգ,մոր), հաճախ փչանում է և դարմանը, այնպես որ ապրանքն էլ դժվար է ուտում (Անգեղակոթ):

Շրջանում ևս կա մեծ չափով վարելահողերի չափազանց հեռավորություն գյուղից։ Ճիշտ է, շրջանի դեռ մի շարք գյուղերում հողաբաժանման աշխատանքները չեն ավարտած, բայց այն մասերում, ուր այդ աշխատանքը կատարված է, դրությունը մնացել է նույնը։ Գյուղին անմիջապես մերձ կցված են ջրովի հողերը, որից դեն սկսվում են վարելահողերը: Ամենից մոտ վարելահողը գտնվում է մի վերստի վրա, իսկ 4—5 վերստ հեռավորությունը բնորոշ է շրջանի համար։ Պատահում են և ավելի հեռու ընկած հողամասեր՝ մինչև 8—9 վերստ, այնպես որ գյուղացին հնարավորություն չունի օրվա մեջ մի անգամից ավել խուրձ բերելու։ Բացի այդ, ունենալով զանազան տեսակի հողամասեր, որոնք հաջորդում են իրար շատ անկանոն, և հողաբաժանման ժամանակ ցանկանալով յուրաքանչյուրին էլ տալ այդ բոլոր հողամասերից մի-մի կտոր հող. գյուղը ստեղծել է շատ անհարմար դրություն. 3 — 4 դես. հողը ցրված է 12—13 մասի, յուրաքանչյուր կտորը տարբեր հողամասում։ Հեռու ընկած այդ դաշտերը, որոնք սովորաբար բարձր մասերում են, հաճախակի ենթակա են ավերման (քոչվորներ և այլն)։ Միայն տնտեսական նեղ կարիքն ու հետամնաց տնտեսությունն է ստիպում գյուղացուն արորով փորփորել այդ բարձրադիր հողերը, որոնք հարմար են միայն որպես արոտատեղի։

Սիսիանի շրջանը Զանգեզուրի գավառի մի քիչ ավելի սարահարթ տեղերից է։ Սակայն ուղիղ դիրք ունեցող վարելահողերը հազիվ են կազմում