Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/412

Այս էջը հաստատված է

ամբողջ տարածության 10 %, մնացած մասը սարալանջեր են, կամ խորդուբորդ մակերես ունեցող, մի ծայրը թեք, մյուսը բարձր հողեր։ Սարերի ու բլուրների առատությունը ստեղծում են արևկող և դեմի հողերի խայտաբղետ համակարգ, այնպես որ մի երկու վերստի վրա շատ հաճախ կարելի է տեսնել ըստ լուսավորման հակոտնյա հողամասեր: Գյուղացիք ստիպված են ի նկատի ունենալ այդ հանգամանքը և իրենց մշակելիք բույսերն ու նրանց մշակման եղանակը դասավորել տարբերդ ժամանակ տաքացող հողերի համաձայն։

Սիսիանի հողերի մեծ մասը քարոտ են, քիչ են այն գյուղերը, ուր առանց քար հողերը գերակշռում են (Բռնակոթ). ընդհակառակը, գյուղեր կան, որտեղ հնարավոր չի գտնել թեկուզ երկու դեսյատին փափուկ և առանց քար հողեր։ Վարելահողերը հարուստ են և մոլախոտերով. առաջին տեղը գրավում է փշախոտի (осот) զանազան տեսակները, որոնք գյուղերում տարբեր անուններ ունեն. կան և վայրի ոլոռնի տեսակներ՝ բողկուկ, շլարտ (татарник), դև (куколь) և այլն:

Ինչ խոսք, որ քաղհանից բացի մոլախոտերի դեմ ուրիշ միջոց չեն գործադրում. սերմերը մաքրում են սովորական խախալներով, որոնք ջոկում են միայն մոլախոտերի մեծ սերմերը։ Քաղհանն ընդունված է շատ գյուղերում. կան գյուղեր (օրինակ՝ Բազարչայը), որոնք արտը գարնան քաղհանում են երկու անգամ, ծախսելով դեսյատինին մոտ 20 բանվոր, քաղհան (ալաղ) կա և Ղարաքիլիսեի շրջանում։

Գյուղացիք գիտեն լավ սերմացվի նշանակությունը, բայց «փունջ» անելուց բացի ուրիշ միջոց չունեն իրենց կալից սերմացու ստանալու: «Փունջ» անելը հետևյալն է. դեզում դարսած խրձերից ջոկում են չավդարի (рожь) հասկերը, թողնում միայն ցորեն։ Այդ ջոկած խուրձերը կալսում են առանձին՝ սերմացու ստանալու համար։ Ամենից ուշադիր ընտրության ժամանակ անգամ մի երկու տարուց հետո սերմացվի մեջ գերակշռում է չավդառը։ Գյուղացոց մեջ կա մի սխալ կարծիք, թե «ցորենը շրջվում է չավդառի»[1]։ Չավդառախառն այդ ցորենը, որ Սիսիանում կոչվում է «ալագյուլ» ցորեն, տարածված է ամբողջ շրջանում։ «Ալագյուլը» սորտ չէ և ոչ էլ «սիլպհատ» ցորենը։ «Սիլպհատ» գավառում ասում են մեծ հատիկավոր և մաքուր ցորենին, ինչ տեսակի էլ որ լինի։

Սիսիանում տարբեր են հողերի տեսակները, սակայն շատ անգամ այդ տարբերությունը առերևույթ է, կախված տեղական զանազան անուններից:

  1. 1