Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/416

Այս էջը հաստատված է

Սիսիանում կարտոֆելի մշակությունը մեծ չափերի է հասել։ Որոտն գյուղում մշակում են ծխախոտ։ Համարյա թե բոլոր գյուղերում կան բանջարանոցային հետևյալ բույսերը՝ կաղամբ, բողկ, զանազան կանաչիներ և բազուկ։ Բազարչայում մշակում են միայն կաղամբ, Դարաբասի ձորում՝ լոբի և բակլա։

Սիսիանի «մհալը» հայտնի է իր ցորնով. գավառի առատության ծանրաչափը Սիսիանի տարեկան բերքից է կախված։ Առատ տարիներում Սիսիանի բերքը հերիք է ամբողջ գավառի համար:

Մշակույթի պայմանները համարյա նույնն են, ինչ որ ամբողջ գավառում; նախ «ցել» են անում (առաջին հերկ), ապա շրջում են (կրկնահերկ), ցանում և ծածկում («ցաքանում»)։ Առաջին անգամ վարում են, հենց որ ձյունը վեր է կենում, և հողը տաքանում (ապրիլ 1֊ից մինչև մայիս 10-ը). երկրորդ անգամ ցել են անում հունիս ամսին և թողնում այդպես մինչև ցանքսը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր։ Աշնան ցանքսի շրջանը տևում է երկար և կախված է անձրևներից։ Սերմը ձգելու համար անհրաժեշտ է մի փոքր խոնավություն. գարնան ցանքսը կատարվում է շատ կարճ ժամանակամիջոցում, քանի հողի մեջ կա անհրաժեշտ խոնավություն։ Բազարչայում աշնանացան չկա. մի անգամ վարում են («ցել» հունիս ամսում) և ցանում ապրիլ 20-ից մինչև մայիս 20-ը։ Ցանում են և հնձում ձեռքով՝ մանգաղով կամ մարանդիով (լայնբերան մանգաղ):

Ցանում են ձեռքով, մի դեսյատինին 12—13 փութ։ Չափը «սոմարն» է (ծավալի չափ), որ հավասար է երկու փութի, այնինչ սոմարը տանում է 1 փ. 35 ֆ. ընտիր ցորեն, իսկ տեղականից՝ 1 փ. 32 ֆ.։ Գարին ավելի շատ են ցանում, հաճարը ցորենից երկու անգամ պակաս՝ դեսյատինին մոտ 7 փութ։ Գյուղացիք իրենք էլ գիտեն, որ խիտ են ցանում («երկու երես ցանել», ինչպես իրենք են ասում)։ Բայց այդ պատճառաբանում են նրանով, որ սերմը վատ է, նոսր ցանելու դեպքում լավ բերք չեն ստանում:

Լավ բերք հաշվում է, եթե մեկին 4—5 ստացվում է. սովորական է մեկին երկու կամ երեք, պատահում են տարիներ, երբ գյուղացին սերմածն էլ չի ստանում և ստիպված է լինում արտը հարել գերանդիով՝ դարմանի համար։ Դժբախտաբար, նման դեպքեր գնալով ավելի հաճախակի են լինում։

Վարում են արորով և գութանով։ Համարյա յուրաքանչյուր տուն