Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/418

Այս էջը հաստատված է

քարեր։ Կամնի վերջին՝ լայն մասի լայնքը մի արշին է լինում, երկարությունը՝ 2 ½ արշ.։

Հացաբույսերը պարբերաբար վնասվում են «մորից» ու «ժանգից: Այդ հիվանդությունների տարածման նպաստում են ամառվա ընթացքում փչող քամիները։ Շրջանում միայն Բազարչայ գյուղն է, որ մաքրում է ցորենը և լվանում գյոյդաշի (պղնձի արջասպի) լուծվածքի մեջ։ Հացաբույսերին վնասում են և դաշտային մկները, որոնց վնասը շատ տարի զգալի է լինում։ Ղարաքիլիսեի ցանքսերին վնասում է «կարմիր ճանճը», յոնջային վնասում է կանաչ մի թրթուր, որ շատ է լինում մինչև առաջին հունձը։ Համարյա բոլոր գյուղերն էլ վնաս են քաշում տրիպսի զանազան տեսակներից։

Գյուղատնտեսական մեքենաներն ու գործիքները համապատասխանում են տնտեսության ձևին։ Երկաթե գութաններ քիչ կան. եղածներն էլ վերջին տարիների ընթացքում այնքան են մաշվել ու կարկատվել, որ կորցրել են իրենց հիմնական տիպը։ Սիսիանում շատ մեծ հաջողու№թյամբ, պատերազմից առաջ, տարածվում էր երկաթե գութանը՝ № 3-ից մինչև № 6-ը (գերադասելի են № 5 և 6)։ Տարածված են Ակսայի և Գենի գութանները։ Ավելի կատարելագործված մեքենաներ չկան. անհատ գյուղացիք պատերազմից առաջ հետաքրքրվել են մանավանդ շարքացանով և շրջվող գութանով։ Վերջինս հենց այժմ էլ մեծ չափերով կտարածվի, եթե մատչելի գներով հնարավոր լինի ձեռք բերել։ Պատերազմից առաջ Բազարչայը բերել էր տվել խոտհար մեքենա և ձիաքարշ մանգեոներ, բայց պատերազմն արգելք եղավ այդ գործի տարածման։ Միայն այդ գյուղում կա երկաթե փոցխ (արալկա)։

Լավ գործիքների տարածումից առաջ շրջանի կենտրոնում՝ Ղարաքիլիսեում լավ և բանիմաց դարբին ունենալու մասին պիտի հոգալ։ Շրջանի սակավաթիվ դարբինները նորելուկ են, ավելի պայտառ, քան որակյալ դարբին։

«Զիգ֊զագ» փոցխը, որ սիսիանցու համար անհրաժեշտ է հաց ու ջրի չափ, շրջանում չի եղել։ Միայն տնտեսական տկարությամբ անհնար է բացատրել գյուղատնտեսության այն արխաիկ դրությունը, որ աչքի է ընկնում, մանավանդ մեր գյուղացու գործիքները դիտելիս։ «Մալան» ու «վեսկին», «գերանդին» ու «մարանդին» այսօր ավելի ազգագրական նշանակություն ունեն, քան գյուղատնտեսական արժեք։ Եվ երբ տեսնում եք մոթալ փափախը մինչև ականջակոթը քաշած գյուղացուն ցաքանի հետ