Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/422

Այս էջը հաստատված է

մոխիրով։ Մի քիչ ավելի մեծ բանջարանոցներ կան Դարաբասի ձորում, ուր բանջարանոցն ավելի խնամքով են մշակում և պարարտացնում աղբով։

Բանջարանոցային բույսերի մշակումը կատարվում է շատ նախնական ձևով։ Արդյունքն աննշան է, բերքը որակով շատ ցածր։ Մի քանի օրինակելի տնտեսությունների կատարած փորձերը ցույց են տալիս, որ հատուկ խնամք դարձնելու դեպքում բանջարաբուծությունը պակաս օգուտ չի տա և սիսիանցու միատեսակ տնտեսության մեջ կմտցնի բազմազանություն։ Ղարաքիլիսե գյուղում 1923 թ. ստացվել է 18 ֆունտանոց ձմերուկ, այդ նորույթ է շրջանի համար։

Բանջարանոցային բույսերը շատ սակավաթիվ են. բողկ, որ մեծ հարգ ունի, տեղ-տեղ բազուկ (կարմիր, ուտելու համար), տաքդեղ և զանազան կանաչի։ Բռնակոթում մշակում են և դդում։ Վերջերս տարածվում է կաղամբի մշակույթը, բայց վատ մշակման շնորհիվ՝ ստացած կաղամբի գլուխը 3 ֆունտից ավել չի լինում։ Կաղամբը լավ բերք է տալիս Բազարչայում, այդ միակ բանջարանոցային բույսն է, որ աճում է բազարչայցու բանջարանոցում (ավելի ճիշտ՝ «կաղամբանոցում»)։ Լավ ձմերուկ մշակում են Որոտն գյուղում, ուր կլիման մի քիչ տաք է։ Մի քանի գյուղերում մշակում են վարունգ։

Դարաբասի ձորը մի քիչ ավելի օրինակելի բանջարանոցներ ունի, ուր մշակում են նաև պոմիդոր, լոբի, բակլա, արևածաղիկ։ Ընդհանրապես, Սիսիանը չգիտե բանջարանոցի գինն ու հարգը. ջրում են շատ անկանոն, շաբաթը մի անգամ, չնայած որ կարիք չունեն։ Խնամքը պակաս է, լավ սերմեր չունեն։ Սերմեր առաջ ձեռք էին բերում Նախիջևանից, Գորիսից, ոմանք (մալականները)՝ Ռուսաստանից։ Այժմ տեղական սերմ են գործածում, որ այնքան էլ լավ չի։ Հարկավոր է ժողովրդին մատակարարել լավ սերմեր, այդ գործը կոոպերատիվն ու շրջանի վարկային ընկերությունը կարող են կատարել։ Բացի այդ, ժողովրդին պիտի ցույց տալ բանջարանոցի մշակման օգտակար ձևը, տեղում կազմակերպել շիթիլ հայթայթելու գործը։

Պտղաբուծությունն էլ մի կարևոր ճյուղ է, եկամուտի մի աղբյուր, որ փակված է սիսիանցու առաջ, նրա հետամնացության և այլ պատճառների շնորհիվ։ Սակավ բացառությամբ, Սիսիանում ամեն տեղ կարելի է պտղատու ծառեր տնկել, եթե ոչ արտահանելու, գոնե իրենց կարիքներին բավարարելու համար։ Շատ անգամ կարելի է տեսնել մի գյուղում