Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/423

Այս էջը հաստատված է

հինգ-վեց հատ պտղատու ծառ, որոնք չավ բերք են տալիս, ծառի տիրոջ հարևաններր բավականանում են միայն նախանձով, իսկ երբ հարցնում եք, թե ինչու ծառ չեք տնկում, պատասխանում են ոչ մի քննադատության չդիմացող խոսքով, թե «մեր պապերի ժամանակ չի եղել, մենք էլ էդ ճանապարհով ենք գնում»: Այդ մի քանի պիոներների փորձերը (իսկ ամեն գյուղում կա մի կամ մի քանի հոգի) ցույց են տալիս, որ Սիսիանում կարելի է մշակել բալ ու կեռաս, խնձոր ու տանձ։ Ճիշտ է, մի քանի գյուղերում ցուրտը խանգարում է (Անգեղակոթ, Բազարչայ), բայց մյուս գյուղերում հնարավոր է մշակել։ Եղած փորձերը ցույց են տալիս, որ լավ բերքն ապահոված է։ Սիսիանի խնձորն իր համով ու բերքով պակաս չի մյուս շրջանների խնձորից։ Եթե հնարավոր չլինի տունկերով բազմացնել, կարելի է վայրի տունկերի պատվաստման միջոցով։ Մի քանի գյուղեր ունեն շատ հարմար հողամասեր պտղատու այգի գցելու համար։ Ախլաթյան գյուղի առաջ կա մի փոքր գետահովիտ, որ կարծես հենց ստեղծված է այգիների համար։ Գյուղացիք մտադիր են 1925 թ. գարնան այդ հողամասը այգիների վերածել:

Պաղագործության լավ ապագան ապահով է Որոտն գյուղում և Դարաբասի ձորում։ Որոտն գյուղում աճում է թթենի, ծիրան և ընկույզ։ Որոտնում և Շամբում հարկավոր է զարկ տալ թթենու մշակման՝ շերամապահության համար։ Կլիման միանգամայն նպաստավոր է, կա և հարմար հող։ Աղուդու ձորում ապագա ունի ընկուզենին. այդ դեպքում ձորի քարոտ սարալանջերը կդառնան հարստության շտեմարան։

Հին և հաստատ ձև ունի պտղագործությունը Դարաբասի ձորի չորս գյուղերում՝ Դարաբաս, Գետաթաղ, Լոր և Շնաթաղ։ Կլիման շատ նպաստավոր է, քամիներից ագատ, հողն ու ջուրը հարմար։ Ձմեռն այնքան դաժան և չոր չէ, ինչպես Սիսիանում։ Դրա համար էլ Դարաբաս գետի երկու ափերին էլ ընկած են պտղատու այգիներ։ Այգիների ամբողջ տարածությունը հավասար է մոտ 50 դեսյատինի։ Մշակում են մեծ մասամբ խնձոր, տանձ, բալ ու կեռաս։ Խնձորենու տեսակները բազմաթիվ են, առաջին թեթև ակնարկը հերիք է ի հայտ բերելու ավելի քան քսան տարբեր տեսակներ, որոնց մեծ մասը տեղական են, կան և դրսից բերած խնձորներ։ Գերակշռող տեսակներն են կարմրկենի, ջափար, քլվի խնձոր, ըլդզենի և վրթանակ։ Տանձը ևս ունի իր տեսակները. ձորում հայտնի է ձմեռնատանձը, մեղրատանձը և Գյուլիստանի տանձը։ Այգիները ջրում են տարեկան 3 անգամ. այգիները վնասվում են ավելի շատ