Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/426

Այս էջը հաստատված է

իսկ Բազարչայի մալականների կովի համար օրեկան մոտ 30 ֆ. կաթը սովորական է։

Ազնվացեղ անասուններ կան միայն Բազարչայում։ Բազարչայը Սիսիանի շրջանի համար երկար տարիներ ուղեցույց է եղել և կուլտուրական մեծ ազդեցություն է ունեցել, նրանց շնորհիվ է, որ Սիսիանի գյուղերում տարածված են սիմենտալ և դուխաբորի ցեղական եզներ։ Բազարչայը սիմենտալից և դուխաբորից բացի պահում է և «չերնոգորկա» կոչված կովեր։ Բազարչայում կան տեղական և Մաղավուզի ազնվացրած տավար։ Կովեր կան, որոնք շրջանի գյուղացիության համար դեռ երկար ժամանակ օրինակելի անասնապահության չափանիշ կարող են համարվել։ Փորձը ցույց է տվել, որ ազնվացրած Մաղավուզն ավելի դիմացկուն է մեր քարոտ սարերում, քան սիմենտալն ու դուխաբորը։

Ձիաների ազնվացում չի կատարվում։ Պատերազմից առաջ Բազարչայը պետական և մասնավոր ձիաբուծարաններից բերել էր տալիս ազնվացեղ որձ ձիեր։ Այդ ձիերի հետքերը մինչև այժմ էլ կարելի է տեսնել Բազարչայի ուժեղ ձիերից մի մասի մոտ։

Շրջանում բեղմնավորման կայան չկա. լավ բուղաներին կամ կրտում են, կամ վաճառում։ Անասնապահության զարգացման համար պետք է կազմակերպել անասնապահության մթերքների սպառումը։ Պատերազմից առաջ Բազարչայն ուներ երկու պանրագործարան։ Այժմ այդ պանրագործարանի վերականգնման աշխատանքն իր վրա է վերցրել վարկային ընկերությունը։ Հարկավոր է կազմակերպել անասնապահների ընկերություններ՝ իրենց անասուններն ազնվացնելու։ Օրինակելի կերակրման համար ևս փորձեր պիտի անել։ Ձեռնտու անասնապահություն ստեղծելու համար քիչ բան է արված Սիսիանում, այնինչ ծով աշխատանք կա։ Պետք է սկսել փոքրից, որոշել մի քանի խնդիր և այդ ուղղությամբ համառ և հաստատ աշխատանք տանել։

Ոչխարի առանձին տեսակներ չկան։ Բազարչայում կա «բալբազ» ոչխարը, «կրկնակի», և երկար դմակով, բարակ և նուրբ բրդով։ Տեղական ոչխարի բուրդը կոշտ է և կարճ, սակայն միսը՝ համեղ։ Ոչխարը ամբողջ տարին մոտ երկու ռուբլու եկամուտ է տալիս, օրեկան 2 — 3 ֆ. կաթ, տարին մոտ 2 ֆ. բուրդ։ Ոչխարը ևս շատ հաճախ ձյունի տակից է ճարում իր կերը:

Կերի հարցը հիվանդոտ հարցերից մեկն է։ Տավարը երկարատև ձմեռվա ընթացքում բավականանում է միայն խոտով, բայց ավելի շատ՝