Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/427

Այս էջը հաստատված է

դարմանով։ Շատ հազվագյուտ դեպքում և այն էլ լծկան տավարը ուտում է քռոշնա կամ քուսպ։ Մինչև չընդարձակվի ցանովի խոտերի տարածությունը, մեր գյուղերից չի վերանա գարնան այն պատկերր, երբ գոմից առաջին անգամ հանդ գնացող անասունը անդյուրեկան արտաքին ունի՝ կախ ընկած փոր և դուրս ցցված ոսկորներ։

Ոչխարի հետ պահում են և այծ, սակայն քիչ քանակությամբ։ Սիսիանում պահում են էշ, որ աղքատ տնտեսության համար միակ հարմար և մատչելի բեռնակիրն է։

Թռչնապահությունը զարգացած չի. հավերը տեղական են։ Մի քանի գյուղերում պահում են սագեր, ամբողջ շրջանում կա մի հատ հնդկահավ։

Անասունների հիվանդությունից կարելի է հիշատակել դաբաղ, ժանտախտ, սիբիրախտ (ղարայաման), քոս, ծաղիկ և այլն։ Պատահում են և արյունապարազիտային հիվանդություններ։ Այդ հիվանդությունների դեմ, մանավանդ համաճարակի դեպքում, կռվում է գավառական անասնաբույժը։

Գյուղատնտեսական բոլոր աշխատանքները գյուղն իր սեփական ուժերով է անում։ Աշխատող ձեռքեր շատ կան. մի քանի գյուղերում միայն որոշ սեզոնի վարձում են քոչվորներից կամ հարևան գյուղերից աշխատավոր։ Ամենից շատ այդ լինում է հունձի ժամանակ, փոփոխական եղանակն ու վաղահաս անձրևների վտանգը ստիպում են սիսիանցուն շատ շուտ հնձել և կալսել։ Դրա համար էլ նա դիմում է վարձու աշխատավորի՝ հնձվորի։ Կարտոֆելի բուկը լեցնելու համար ևս երբեմն դիմում են վարձու ուժի։

22. <ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ> ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ ՊԵՏԻՆ

18 դեկտեմբերի 1924 թ. № 75, Գորիս

Ընդ սմին ուղարկում եմ մեր գավառի մի շրջանի (Սիսիան) գյուղատնտեսության համառոտ ուսումնասիրությունը։ Նույնպիսի աշխատանք աստիճանաբար կատարվելու է գավառիս մյուս շրջանների՝ Ղափանի և բուն Զանգեզուրի վերաբերյալ, որով կստացվի ամբողջական գործ: