Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/431

Այս էջը հաստատված է

եթե հարմարություն չպիտի ունենան արտադրած մթերքը դրսի շուկաներում վաճառելու։

Գավառի տեղագրական դիրքը ևս ազդում է գյուղատնտեսության այս կամ այն ճյուղի զարգացման։ Զանգեզուրն իրենից ներկայացնում է Հայաստանն ավելի փոքր մասշտաբով, ուր ալպյան գոտիներին հաջորդում են խոր ձորահովիտներ, որտեղ շատ հաջող մշակում են խաղող, կամ փոքրիկ տափարակներ (Ղափանի շրջանում), ուր բամբակի մշակության բոլոր տվյալները առերես կան։ Շատ հաճախ, 7 վերստի վրա հնարավոր է հանդիպել գյուղերի, որտեղ խաղողն ու թուզը բավական եկամուտ են տալիս։

Մեր գավառն իրենից ներկայացնում է խոր ձորերի, ապառաժների, սարահարթի և լեռնալանջերի մի խառնարան, որով առաջին հերթին պայմանավորվում է գյուղատնտեսության բազմապիսի ճյուղերի մշակումը։ Այս հանգամանքը գալիս է շեշտելու և այն, որ գավառի գյուղատնտեսության զարգացումը գեթ կախված չէ միայն անասնապահությունից։ Դաշտային մշակույթները որոշ շրջաններում դեռ երկար պիտի գերադաս համարվեն անասնապահությունից։

Զանգեզուրի գավառը կազմված է վարչական 3 միավորից՝ բուն Զանգեզուր, Ղափան և Սիսիան։ Վարչական այս բաժանման, քիչ բացառությամբ, համապատասխանում է և աշխարհագրական-տեղագրական բաժանումը։ Ղափանի շրջանը, որ ավելի հարավ է ընկնում, կազմված է անտառապատ սարերից և խոր ձորերից, Սիսիանը զուրկ է անտառներից, ներկայացնում է իրեն մի բարձր սարահարթ, որի երեք կողմերում ընկած են Նախիջևանի և Դարալագյազի լեռները։ Ղափանն ավելի աղքատ է արոտներով, քան Սիսիանն ու բուն Զանգեզուրը։ Վերջինս, բացի Տեղվա հարթությունից, դարձյալ ձորերի մի լաբիրինթ է ներկայացնում և ունի շատ հարուստ արոտներ։

Ամբողջ ազգաբնակչության թիվը հասնում է մոտ 60 000-ի (59 616)՝ համաձայն 1924 թ. շնչագրության։ Այս թվի մեջ չեն մտնում այն բազմաթիվ աշխատող ձեռքերը, որոնք իբր բանվոր աշխատում են զանազան քաղաքներում և օգնում գյուղում մնացած ընտանիքի անդամներին։ Եթե նրանց էլ հաշվելու լինենք, Զանգեզուրի ազգաբնակչության թիվը կհասնի շուրջ 70 000-ի։ Բուն Զանգեզուրի շրջանն ավելի խիտ ազգաբնակչություն ունի, քան մյուս շրջանները։ 60 000 ազգաբնակչությունը տեղավորված է հետևյալ ձևով. բուն