Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/44

Այս էջը հաստատված է

գործին, որի մասին ո՞վ գիտե, այն ժամանակ Երևանում ինչպիսի զրույցներ էին շրջում։ Ձևականորեն չհիմնավորված համարելով Էմիլյա Աբովյանի ցուցմունքը՝ դատարանը, այնուամենայնիվ, Աբովյանի սապոգը հանձնում է նրա կնոջը։

Արդյո՞ք սպանության կամ ինքնասպանության հիմք է մատնանշում այս մի սապոգը,— կարելի է անել բազմաթիվ ենթադրություններ, որոնց բավարար հիմնավորումը վերը բերած փաստաթուղթը չի տալիս։ Եվ այս դեպքում էլ անլուծելի է մնում այն խնդիրը, որի կողքով շատ զգուշությամբ անցել են սպանության կամ ինքնասպանության վերսիայի կողմնակիցները։ Հապա ո՞ւր է դիակը. եթե նրան սպանել են Երևանի այգիներում, ինչպե՞ս է մի հատիկ սապոգը հայտնվում Խորվիրապի մոտ։ Եթե ինքն է իրեն քցել Զանգուն, դարձյալ բանավոր է հարուցել դիակի հարցը։ Եթե նրան սպանել են և թաղել են մի որևէ տեղ, դժվար թե սպանողը դուրսը թողներ մի որևէ հետք։ Բայց մենք վերը բերինք այն ստույգ տեղեկությունը, որ Աբովյանը վաղ առավոտյան ինքն է տնից դուրս եկել, որ նախքան այդ, մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ը, նա առանձնացել է յուր սենյակում[1]:

Գավառապետ Բլավատցկին ապրիլի 20-ին[2], փոխարքա իշխան Վորոնցովին հետևյալն է հաղորդում Աբովյանի մասին. «Երևանի գավառական դպրոցի տեսչի պաշտոնից ազատված կոլեժսկի ասեսոր Աբովյանն ապրիլի 2-ի լուսադեմին մեկնել է՝ հայտնի չէ, թե ուր, և անհետ կորել։ Տանեցիների ասելով մեկնելուց երեք օր առաջ նա ընկել էր մտածմունքների մեջ, համարյա ոչինչ չէր ուտում, քիչ էր խոսում, շորերը չէր հանում և իբրև թե տառապում էր անքնությունից»*[3]: Նույն բանն է վկայել սպահանցի Ասատուրը՝ Աբովյանի տան սպասավորը[4]. «Իմ աղեն երեք օր տրտմության մեջ ընկավ, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, այլ մի գլուխ իր երկար չիբուխն էր ծխում ու շարունակ ախ ու վախ անում»**[5]:

Մենք որոշ ամփոփումներ անենք, նախքան նոր փաստաթղթեր բերելը: Մարտի 31-ին, առայժմ անհայտ առիթից, Աբովյանը կիսատ է թողնում բոլոր գործերը և առանձնանում։ Ապրիլի 2-ի առավոտյան տնից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում։ Առաջին օրերը վերադարձի

  1. 29
  2. 30
  3. *Տե՛ս Акты Кав. археогр. ком., Х, էջ 830։
  4. 31
  5. **Ա.-Դո. Խաչ. Աբովյանի վերջին 5 տարիները, «Գործ», № 7-8, <էջ 65>։