Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/45

Այս էջը հաստատված է

ակնկալությունը գերակշռող է։ Ոչ մի ակնարկ այն մասին, որ նա մահացել է։ Նախաձեռնվում է հետախուզություն, հարցուփորձ։ Փնտրում է ոստիկանությունը, փնտրում են նրա ազգականները։ Միակ ապացույցը նրա սապոգն է՝ գտնված Արաքսի ափին։ Սակայն այս էլ անբավարար համարելով՝ դատարանը ենթադրում է, որ «Աբովյանը կամ ինքը կերևա, կամ նրա բացակայումը ինքն իրեն կպարզվի»։ Իսկ ոստիկանությունը փնտրում է պատճառներ, «որոնք դրդեին նրան հեռանալու...»:

Բ

Այժմ ծանոթանանք նոր փաստաթղթերի, որոնց հեղինակները բարեխղճությամբ գրի են առել «ժողովրդի մտածմունքը» Աբովյանի «չերևալու պատճառի» մասին։ Այս փաստաթղթերը, որ անձնական նամակներ են, լրացնում են մինչև այժմ մեր բերած տվյալները և հաստատում, որ անհայտացումն անակնկալ էր ո՛չ միայն ոստիկանության, այլև շրջապատողների համար, որ այդ ժամանակվա «ժողովրդի մտածմունքի» մեջ եղել է և այլ բացատրություն, քան հետագայում ձևակերպված անհայտացման երեք վերսիան։

Խաչ. Աբովյանի «անհայտ բացակայումը» լուսաբանելու համար այս երկու նամակները չափազանց կարևոր են, իբրև անշահախնդիր մարդկանց արձանագրություն՝ թարմ հետքերով։ Թեպետ կան հակասություններ, բայց «ժողովրդի մտածմունքի» երկու վավերագրերը չեն դրել ո՛չ «սև կառեթի», այսինքն՝ քաղաքական աքսորի, և ո՛չ էլ «թուրքի դավադրության» վերսիաների մասին։ Միայն երկրորդ նամակում մի թույլ ակնարկ կա, որ իբր թե նրա դիակը «ճըրըմր տեսել են... ու թե տեղ էլ բրթել են ջուրը...»։ Այնինչ, մնացած ամբողջ «մտածմունքի» տվյալներով՝ Աբովյանն ապրիլի 2-ից հետո դեռ ողջ է և ապրում է Տաճկաստանում (Ղարս), Ակոռի, Գյանջա։ Նախքան այս վավերագրերի ստանալը, ուսումնասիրելով նրա խորհրդավոր անհայտացման հանգամանքները, նրա ժամանակը, սոցիալական միջավայրը և Աբովյանի քաղաքական-հասարակական գաղափարները,— մենք այն համոզմանը հանգեցինք, որ ապրիլի 2-ի լուսաբացին Աբովյանն իր կամքով է հեռացել Երևանից, նպատակ ունենալով թողնել ռուսական սահմանները։ Փաստաթղթերը*[1], որ հրապարակվում են առաջին անգամ, երկու

  1. * Այդ փաստաթղթերը շնորհակալությամբ ստացել ենք ընկ. Կ. Աբովյանից: