Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/464

Այս էջը հաստատված է

քարոտ է, մշակության համար անպետք։ Մի քանի գյուղերից բացի, ուր կան փոքր տարածությամբ սարահարթեր, մնացած շրջաններում լեռներ են և ապառաժներ, որոնք անտառապատ են Ղափանի շրջանում: Մակերեսի խորդուբորդ լինելը, ձորերն ու սարերը ստեղծել են գյուղատնտեսական մշակույթների բազմազանություն։ Տաս վերստ տարածության վրա կարելի է հանդիպել գյուղի, որտեղ շերամ են պահում և ծխախոտ մշակում, և գյուղի, ուր կեռասենին էլ չի ծաղկում։

բ) Հետամնաց է գյուղատնտեսությունը, նույն վիճակն ունի և ելումուտի մնացած արդյունքները՝ տնայնագործություն և այլն։ Հաջող տարիներում անգամ Զանգեզուրի գյուղացին կարիք ունի դրսի օգնության՝ իր տնտեսության և ընտանիքի անհրաժեշտ կարիքները հոգալու։ Դրսի քաղաքներում աշխատելով է, որ նա կարողանում է պահել գյուղում մնացած իր ընտանիքին։

գ) Հաշվետու տարին գյուղատնտեսական տեսակետից եղել է աննպաստ։ Աշնան ցրտերը շատ են վնասել աշնանացանին, որի մոտ 80 % բոլորովին փչացել է։ Գարունն ու ամառը չորային է եղել։ Այդ հանգամանքը պակաս վնաս չի հասցրել թե դաշտային մշակույթին և թե այգիներին։ Այս տարի երևացել են մկներ, մանավանդ Տեղվա և Կոռնձորի շրջանում։ Վնաս է հասցրել և հացի բզեզը, որ այս տարի շատ ավելի էր երևացել։

3

ա) 24/25 թ. բյուջեն հաստատված է եղել 10 800 ռուբլու սահմաններում։ Տարվա ընթացքում, տեղական միջոցների պակասության պատճառով, այդ գումարն անգամ լրիվ չի հատկացված։ Տարվա սկզբին ծրագիր կազմված չի եղել։ Ծրագիրը քննվել և հաստատվել է գավգործկոմում միայն 1925 թ. ապրիլին։ Գարնան աշխատանքների ծրագիրը ենթարկվել է փոփոխության՝ ժամանակին դրամ չստանալու պատճառով:

բ) Ագրոպերսոնալը հետևյալ կազմն է ունեցել։

Ինչպես երևում է ներքոհիշյալ տախտակից, ագրոպերսոնալը միայն 1925 թ. գարնանն է ավելացել 3 հոգով, որից մեկը մի ամիս աշխատելուց հետո հեռանում է։ Շրջ. գյուղատնտես Ս. Տիրատուրյանը եղել է ուսուցիչ մինչև հունիս 1-ը և հեռացել է գործից հոկտեմբեր 1-ին։ Այսպիսով՝ մեր գավառում մնում են մի գավ. գյուղատնտես և երկու հրահանգիչ (շերամապահական և մեղվաբուծական)։