Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/472

Այս էջը հաստատված է

գյուղատնտ. դպրոցի վարիչի պաշտոն։ Մնում եմ ես։ Ես էլ մի տեսակ դարձել եմ «Հողժողկոմատի լիազոր ներկայացուցիչը Զանգեզուրում», գավառի դրության մասին կենտրոնին իրազեկ դարձնող անձ։ Բոլորովին աննախանձելի պաշտոն, հատկապես երբ ինֆորմացիան մազաչափ անգամ չի օգնում։

Փող չկա, երբ կհաստատեն մեր պոչատ բյուջեն՝ ալլահը գիտի, իսկ ձմեռը հեռու չէ, երբ ձեռք կքաշեն Զանգեզուրից, մինչև կգա գարունը։

Շատ հաջող անցավ գյուղատնտեսական ցուցահանդեսը՝ ինչպես կենտրոնում, այնպես էլ շրջաններում։ Պարգևատրվել են 19 տնտեսություններ։ Կազմակերպել ենք ցուցադրական կերակրման փորձեր 8 գյուղում։ Բայց այդ ամենը՝ դեպքից դեպք, առանց պլանի։ Աշխատողներ չկան, միջոցները քիչ են։ Իսկ մենակ գործից գլուխ չեմ հանում, որովհետև հողբաժինը կլանում է իմ եռանդի մեծ մասը։ Ազատեք ինձ գոնե հողբաժնի վարիչությունից, թույլ տվեք աշխատել որպես գյուղատնտես։ Ընկ. Շադունցը խոստացավ, բայց գրությունը չփոխվեց։

Ընկերական ողջույնով՝

Ալ․ Բակունց

20/X 25։

49․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

31 դեկտեմբերի 1925 թ․, № 1418

Տեղեկանալով, որ ՀՕԿ֊ը Հայաստանի զանազան գավառներում բաց է անում գյուղատնտեսական գործիքների վարձակետեր, Զանգեզուրի գավհողբաժինը խնդրում է նման վարձակետ բաց անել և մեր գավառում։ Կտրված լինելով դրսի շուկաներից, զուրկ բանուկ ճանապարհներից՝ մեր գավառը հնարավորություն չունի ձեռք բերելու անհրաժեշտ քանակությամբ գյուղատնտեսական գործիքներ։

Հողբաժինը խոստանում է լիակատար աջակցություն այդ գործում։ Մենք հնարավորություն կունենանք տրամադրելու այդ նպատակով առանձին շենք պահեստի կամ վարձակետի համար։