Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/481

Այս էջը հաստատված է

1924 թ. հուլիսի 11-ի հանձնաժողովը սահմանն ընդունել էր Գորիս-Ղափան խճուղին։ Սակայն տեղական զննությունը և գյուղացիների ցանկությունը եկան որոշ փոփոխություն մտցնելու այդ սահմանագծի մեջ։ Այսպես, օրինակ, ըստ այդ համաձայնության սահմանը խճուղու հետ միասին անցնում էր Բազարչայ գետի վրայով։ Քյուրդիստանի կողմը թողնելով Շահվերդիլար և Պաշարաջուր թուրք գյուղերը։ Սակայն գյուղացիների ցանկությամբ փոխվեց սահմանագիծը, այդ երկու գյուղը թողնելով Զանգեզուրին։ Նոր սահմանը խճուղուն խառնվում է Մազրա գյուղի տափարակում, անտառի ծայրին։

Անտառի մեջ սահմանը թողնված է խճուղին։ Որովհետև Քյուրդիստանին անցնող Մազրա գյուղը խճուղուց վերև հողեր ունի, իսկ Զանգեզուրին անցնող Շուռնուխին հողեր ունի խճուղուց ներքև, հանձնաժողովը որոշեց. գյուղերին թողնել իրենց հողերը, արտանկարելով այդ հողերը, որոշելով նրանց սահմանները, որպեսզի հետագայում այդ գյուղերն ի հաշիվ պետական անտառների, որոնց մի մասը Քյուրդիստանինն է, մյուսը Զանգեզուրինը, չկարողանան ավելացնել հողերը՝ կտրատելով անտառները։

Համաձայն 1924 թ. հուլիսի 11-ի սահմանագծի՝ Զեյվա գյուղի մոտ խճուղին կտրում է Չայզամի գետը, անցնում գյուղի գլխով դեպի հանքերը։ Խճուղուց ներքև մնում էին մի շարք գյուղեր՝ Զեյվա, Սևաքար, Մողես, Ուժանիս, Եղավարգ, Ագարակ, որոնք մինչ այդ ենթարկվում էին Ղափանին, ունենալով վեճեր հարևան թուրք գյուղերի հետ:

Հայաստանի ներկայացուցչի առաջարկը՝ սահմանագիծն անցկացնել ո՛չ թե խճուղիով, այլ Չայզամի գետով, մերժվեց և՛ ընկ. Կաչետկովի, և՛ ընկ. Կարաևի կողմից, թեկուզ երկու կողմերի համար անվիճելի էր այն, որ վերոհիշյալ գյուղերը պիտի միանան և մինչ այդ էլ միացած էին Ղափանին։ Վեճը Վալի-Դուզ անվանյալ անտառամասի շուրջն է, մոտ 200 դես. տարածությամբ։

Վալի-Դուզը Չայզամի գետի աջ ափինն է, խճուղու և գետի միջև, Զեյվա գյուղին կպած։ Հետագայում առաջանալիք անախորժություններին ընդմիշտ վերջ տալու համար Հայաստանի ներկայացուցչի առաջարկն էր բնական սահման ընդունել գետը, մանավանդ որ Զեյվա գյուղը գետի ձախ ափին էլ ունի վարելահողեր։ Այդ առաջարկն արվում էր անտառը պաշտպանելու նկատառումով, որովհետև Քյուրդիստանի ներկայացուցիչ ընկ. Ա. Կարաևի հայտարարության համաձայն՝ այդ անտառամասն