Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/483

Այս էջը հաստատված է

բնակչության թիվը և ո՛չ էլ հողերի քանակը։ Բացի այդ, սահմանն անցկացնելիս հիմք չընդունվեց երկու կողմի գյուղերի հողերի նորման. արդյունքն եղավ այն, որ Զանգեզուրին անցնող գյուղերը մնացին հողի նվազ նորմայով։

Մի ուրիշ հանգամանք։ Սահմանին կից թուրքական գյուղերն ունեն գյուղակներ (отселок), կազմված 5—8 տնից։ Այդ գյուղակները խանգարում էին սահմանագծման աշխատանքին։ Ցանկանալով միանալ Քյուրդիստանին՝ այդ գյուղակները պահանջում էին սահմանագիծը գյուղից որոշ հեռավորության վրա դնել, այդ դեպքում վիճելի հողերի մեծ մասն անցնում էր նրանց կողմը։ Այդ հանգամանքը շատ մեծ վեճեր առաջ բերեց, մանավանդ Ուժանիսի և Եղավարդի սահմանն անցկացնելիս։ Թուրք գյուղակները՝ Սուլթանլըղ, Լաջի-Ղուրբանլար, Սալդաշ և այլն, որոնց ծխերի թիվը 8-ից չի անցնում, տեղավորված են այն հողերի վրա, որից դեն Ուժանիսն ու Եղավարդն ունեն վարելահողեր։ Որովհետև այդ գյուղակները միանում էին Ադրբեջանին, նրանց և հայ գյուղերի միջև սահման անցկացնելիս հայ գյուղերի հողերից մի մասը մնաց սահմանից դեն։

Վիճելի հողերից մեծ մասը նախկին բեգական հողեր են, որոնք բեգերը վարձով են տվել մեկ այս, մեկ այն գյուղին։ Հողօգտագործումը խառն է եղել, հայ և թուրք գյուղերը կողք֊կողքի կամ իրար հողերի վրայով անցնելով մինչև այժմ օգտվել են այդ հողերից։ Սահմանն անցկացնելիս հարկավոր եղավ ընդունել մի գիծ, որ քիչ թե շատ բնական սահման լիներ։

Միակ թյուրիմացությունը եղավ Ագարակում։ Հողաչափը կուրգանները դնելիս՝ գյուղացիք արգելում են։ Հողաչափը վերադառնում է և զեկուցում հանձնաժողովի նախագահին։ Առանձին արձանագրությամբ այդ դեպքից հետո ագարակցիք ստացան մոտ 60 դես. վարելահող, որով և վեճը հարթվեց։

Հանձնաժողովի աշխատանքներն Ագարակից հետո մնացին թերի, որովհետև ընկ. Ա. Կարաևը ճանապարհվեց Բաքու, զեկուցելու կատարած աշխատանքի մասին, Ադրբեջանի Կենտգործկոմի հավանությունն առնելու, ինչպես գրված էր նրա լիազորականում։ Նրան փոխարինելու պիտի գար ընկ. Մամեդխանովը, որը Գորիս եկավ միայն հոկտեմբերի 10-ին։