Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/486

Այս էջը հաստատված է

Ամենից մեծ սխալն այն է եղել, որ հանձնաժողովը փաստորեն ազգային սահման գծեց, թուրք գյուղերին թողնելով Ադրրեջանի կողմը, հայ գյուղերը՝ Հայաստանի։ Այդ ձևի դեմ ես բողոքել եմ շատ անգամ հանձնաժողովում։

Իհարկե, գյուղացիները տրտնջում էին, հազար ու մի կարծիքներ հայտնում։ Ուժանիս գյուղում գյուղացիները խանգարեցին հանձնաժողովի աշխատանքները, լսելով որ հանձնաժողովը մտադիր է ուշադրության չառնել այն մատյանը, որով նրանք ապացուցում էին իրենց տիրապետությունը վիճելի հողերի նկատմամբ։ Ուժանիսը տուժեց, զրկվելով իր վարելահողերի մի մասից։ Հանձնաժողովի նախագահ ընկ. Կաչետկովը և ԱղՑԻԿ-ի ներկայացուցիչ ընկ․ Ա. Կարաևը պնդում էին Մովդան֊չայլաղ անվանյալ ձորակի վրա, որից դեն ուժանիսցիք հողեր ունեին։ Սակայն սահմանն անցավ այդ ձորով, որպես «բնական» սահման, թեկուզ և ես հակառակ էի, պնդելով ճանապարհի վրա։

Ագարակում ավելի մեծ աղմուկ եղավ։ Գյուղնախագահի պաշտոնական գրության համաձայն իբր թե գյուղացիք բանտարկել են նրան և գյուղի ներկայացուցիչներին, որպես գյուղի շահը չպաշտպանողի։ Հարձակվել են հողաչափի վրա, նրա աշխատանքը խանգարել։ Ընկ. Կաշետկովի Ագարակ գնալն էլ չի օգնում, մինչև որ նոր զիջում չի արվում Ագարակին: Այդ դեպքում քննությունը հանձնված է Զանգ<եզուրի> դատախազին։

Ինձ հայտնի չէ[1] Եղավարդ գյուղացիներին ծեծելու դեպքը։ Ես ուրիշ վերսիա եմ լսել, որ նախահարձակ եղել են եղավարդցիները, որոնք իբր թե հրացանով հարձակվել են թուրք գյուղացիների վրա և քշել նրանց իրենց հողից։ Այդ եղել է անցյալ տարի։ Այդ մասին ինձ ասաց Քյուրդիստանից հողբաժնի վարիչ ընկ․ Իմրան Հաջիևը, ավելացնելով, որ հրացանները գտնվում են Քյուրդիստանում։

Այն տրտունջները, որ իբր թե ասել են գյուղացիք այն մասին, թե «Ադրրեջանի ներկայացուցիչները միշտ լինում են հողաչափերի հետ և ցուցմունքներ են անում», ստուգման կարոտ են։ Գուցե և եղել են, բայց այդ հակառակ է ընդունված որոշման։ Հողաչափերը նախօրոք երկու կողմից գյուղերի ներկայացուցիչներից հարցրել են վիճելի հողերի սահմանները, նշանակել պլանշետի վրա, որից հետո միայն հանձնաժողովը տեղում ծանոթանալով վեճերին՝ անց է կացրել այս կամ այն սահմանը։

  1. 2