Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/504

Այս էջը հաստատված է

արևմտահայերեն և գավառաբարբառային բառեր։ Այդ հանգամանքը խոշոր թերություն է և խախտում է լեզվի գեղարվեստական ամբողջությունը։

6. Կան իմաստի սխալներ։ Կան և սխալներ, որոնք բխում են տվյալ երևույթին մանրակրկիտ կերպով ծանոթ չլինելուց։ Խոսելով և այլ կարգի մի շարք թերությունների մասին, ընկ. Բակունցը ընդգծեց, որ այդ թերությունները նկատվում են վեպի գլխավորապես առաջին մասում, երկրորդ մասը գրված է ավելի խնամքով և ուշադրությամբ։ Դա ցույց է տալիս, որ եթե ընկ. Ալազանն ավելի շատ աշխատեր, ավելի ուշադիր լիներ և խստապահանջ լեզվի նկատմամբ, վերոհիշյալ տիպի թերությունների մեծ մասը չէր լինի։

Այնուհետև՝ զեկուցողը շեշտում է, որ ինքը մանրամասնորեն խոսեց հատկապես թերությունների մասին, քանի որ այդ թերությունների վերհանումը կօգնի ինչպես գրքի հեղինակին, նույնպես և մեր մյուս գրողներին, հետագայում ավելի խստապահանջ լինել դեպի լեզուն, խուսափել արձանագրված թերություններից։ Եթե ես շեշտը գնում եմ թերությունների վրա, դա չի նշանակում, թե այս գիրքը չունի լեզվական առավելություններ, որոնց վրա ես չեմ կանգ առնում։ Հիմնական առավելությունն այն է, որ հեղինակն այս գրքում օգտագործել է մեր լեզվի գրեթե բոլոր աղբյուրները՝ և՛ բարբառները, և՛ գրաբարը, և՛ արևմտահայերենը, և այսօրվա խոսակցական ու գրական լեզուն։ Ես գտնում եմ, որ դա մեր նոր գրականության մեջ առաջին փորձն է և, որպես այդպիսին, շատ բանում հաջողված է։ Հեղինակը փորձել է օգտվել վերոհիշյալ բոլոր աղբյուրներից և ստեղծել է իր լեզվական ամբողջությունը։ Այդ փորձը տեղ-տեղ հաջողվել է, տեղ-տեղ մատնվել է անհաջողության։ Անհաջողության հիմնական պատճառն այն է, որ հեղինակն անհրաժեշտ ջանք չի գործադրել տարբեր աղբյուրներից վերցրած նյութերն այնպես ձուլել իրար, որ ստացվեր մի կուռ լեզվական ամբողջություն, գեղարվեստական ամբողջություն։

<ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ>

Ընկ. Ա. Բակունցը շեշտեց այն խստությունը, որ հրապարակ բերեց Մ․ Գորկին ռուսական գրականության լեզվի նկատմամբ, հայտարարելով