Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/53

Այս էջը հաստատված է

Նրանցից առաջինը Ավգուստ ֆոն Հաքստհաուզենն է, գերմանացի նշանավոր ճանապարհորդը, որին Աբովյանը ուղեկցել է Հայաստանում, նրա կատարած ճանապարհորդության ընթացքում։ 1849 թվին Հաքստհաուզենը գրում է իր ուղևորության գիրքը[1]: Աբովյանի մասին հիշատակելով՝ «Թիֆլիսում ես ծանոթացա հայ Աբովյանի հետ, որի մասին հաճախ պիտի խոսենք, որովհետև նրան եմ պարտական հայ ժողովրդական հարաբերությունների մասին իմ զետեղածը», Հաքստհաուզենը նույն էջի ծանոթության մեջ գրում է. «Դժբախտաբար, այլևս չկա այդ բարի մարդը։ Մի անգամ նա տնից դուրս է եկել և էլ չի վերադարձել։ Իզուր են անցել բոլոր հետախուզումները»*[2]:

Եթե Հաքստհաուզենը նրա անհայտացման մասին այսքան համառոտ է հիշատակում, Ֆրիդրիխ Բոդենշտեդը, որ, հավանորեն, Աբովյանին Թիֆլիսից էր ճանաչում, որտեղ ինքը լեզուների դասատու էր ուսուցչական սեմինարիայում[3], Աբովյանի անհայտացման մասին ավելի մանրամասն տեղեկություններ է հաղորդում։ 1850 թ, ռուս պետական պաշտոնյա Ռոսկովշենկոն[4], որը շատ լավ ճանաչում էր Աբովյանին և մի ժամանակ եղել էր Անդրկովկասյան դպրոցների դիրեկտորի պաշտոնակատար, Բեռլինում հանդիպում է Ֆր. Բոդենշտեդին և նրան տեղեկացնում Աբովյանի անհայտանալը։

«Հավանորեն,— գրում է Բոդենշտեդը,— նա ինքն իրեն սպանել է, որովհետև հենց այն ժամանակ, երբ ես նրա հետ ծանոթացա, խիստ թշվառ և անհույս դրության մեջ էր նա, մի կողմից՝ ապրուստի հոգսերի պատճառով, և մյուս կողմից՝ իր անձնվեր գործունեության չնչին գնահատության պատճառով։ Իր վերջին նամակով գրում էր ինձ Աբովյանը, որ նա վճռել է թողնել ռուս պետական ծառայությունը, Հայաստանի ներքին մասը գնալ և այնտեղ, իր պապերի հետ, երկրագործությամբ պարապել, որովհետև նրա չնչին եկամուտները չեն բավականացնում քաղաքի պահանջներին, իսկ ավելի ևս սպասել իր վիճակը՝ <որևԷ կերպ> բարվոքելու համար՝ այդ նրան ավելի խոր թշվառության մեջ կձգեր։

Ձախող փորձառություններն են, որոնք տաղանդավոր և ջանասեր մարդուն այս վճռին են հասցրել։ Նրա կյանքի պատմությունը չափազանց նշանակալից է»**[5]:

  1. 48
  2. * Барон Август фон Гакстгаузен, Закавк<азский> край, էջ 73։
  3. 49
  4. 50
  5. ** Տե՛ս «Ֆր. Բոդենշտեդը Խ. Աբովյանի մասին», «Լումա», 1902 թ. 51։