Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/530

Այս էջը հաստատված է

խնդրո առարկա «Մի գրախոսականի առթիվ» հոդվածը «Անդր. Ստեփանյան» ծածկանունով։

Համաձայն «Նոր ուղիի» խմբագրության պահանջի՝ իմ կողմից հարցը դնում եմ Մարքսիստ պատմաբանների ընկերության քննության։

Ընտրվում է մի ընկեր, որ ուսումնասիրում է խնդրո առարկա բոլոր նյութերը և զեկուցում է Մարքսիստ պատմաբանների ընկերության նիստին, որը կայացավ ընկ. Հայկ Գյուլի֊Քեխյանի նախագահությամբ և որտեղ ներկա էր Ակսել Բակունցը, որպես թերթի խմբագիր։

Հանձնարարված ընկերոջ զեկուցումը, իմ պատասխանը Անդր. Ստեփանյանին և ներկա եղող բոլոր ընկերների ելույթները, ինչպես նաև Ակսել Բակունցի խոսքը լսելուց հետո Մարքսիստ պատմաբանների ընկերությունը ընդունեց իր բանաձևը, որը տպագրվեց 1932 թվին «Նոր ուղիի» առաջին գրքում...» (տե՛ս ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր ՄԼԻ ՀՄԿԱ, ֆ. 1, ց. 24, գ. 379, թթ. 60—64)։

Բակունցի այդ բանավոր ելույթի շարադրանքը կամ սղագրությունը չի պահպանվել կամ, լավագույնը, առայժմ չի հայտնաբերված, իսկ Մարքսիստ պատմաբանների ընկերության պատասխանը, որն իսկապես տպագրվել է՝ «Նոր ուղի», 1932, գիրք I, էջ 133, հետևյալն է.

«Քննադատելով պրոֆ. Հ. Մանանդյանի «О торговле в городах древней Армении» աշխատությունը՝ Մարքսիստ պատմաբանների ընկերությունը գտնում է, որ ներկա աշխատության մեջ պրոֆ. Հ. Մանանդյանը կատարել է որոշակի քայլ իր նախկին իդեալիստական-ազգայնական-ռասայական աշխարհայացքից դեպի տնտեսական մատերիալիզմը։ Այդ աշխատությունը հանդիսանում է արժեքավոր մի գործ Հայաստանի ֆեոդալական շրջանի գրեթե չուսումնասիրված տնտեսական կյանքի հետոազոտման բնագավառում։

Սակայն Ընկերությունը նշում է, որ ներկա աշխատության մեջ ևս պրոֆ. Հ. Մանանդյանը չի կարողացել լրիվ կերպով ազատագրվել իդեալիստական պատմահայեցողությունից։ Սրա հետևանքով այս աշխատության մեջ պրոֆ. Հ. Մանանդյանը հանդես է գալիս որպես էկլեկտիկ, իդեալիզմից դեպի տնտեսական մատերիալիզմը դեգերող։

Այս դրությունից ելնելով՝ Ընկերությունը գտնում է հիմնականում ճիշտ Հ. Զորյանի ռեցենզիան ներկա գրքի առթիվ և սխալ է համարում պրոֆ. Հ. Մանանդյանի աշխարհայացքի գնահատականը Անդ. Ստեփանյանի ռեցենզիայում, որպես դեգերող տնտեսական և պատմական մատերիալիզմի արանքներում։ Ընկերությունը գտնում է, որ Հ. Զորյանի ռեցենզիայում բերած ցիտատները, չնայած ձևական անճշտությունների, ըստ էության ճիշտ են։ Միաժամանակ ընկերությունը նշում է, որ Հ. Զորյանի ռեցենզիայում քննադատության չեն ենթարկված պրոֆ. Հ. Մանանդյանի աշխատության մեջ եղած մի շարք հիմնական դրույթները (Հայաստանի պատմության «բուֆերային տեսությունը» կապված սմենովեխյան տրամադրությունների հետ և այլն)»։

Մարքսիստ պատմաբանների ընկերության այս «դատավճիռը», ինչ խոսք, անարդար էր, և Բակունցի դիրքը՝ Մանանդյանի աշխատության գնահատման հարցում, ավելի ճիշտ, մանավանդ որ տվյալ գիրքը ակադեմիկոս Մանանդյանի լավագույն հետազոտություններից է և իր գիտական արժեքը պահպանում է նաև այժմ։