Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/54

Այս էջը հաստատված է

Յուր «Հազար ու մի օր Արևելքում» աշխատության մեջ Բոդենշտեդը Աբովյանի հավանական ինքնասպանության ենթադրություն փորձում է բացատրել այն գժտությամբ, որ կար Աբովյանի և պրոֆ. Աբիխի միջև, և որին հեռվից-հեռու տեղյակ էր ինքը՝ Աբովյանից ստացած նամակների և օրագիրների հիման վրա։

«Աբիխի գոռոզ վերաբերմունքը Աբովյանի հանդեպ,— շարունակում է Բոդենշտեդը,— որ ցուցադրելու իրավունք էր համարել նա իր համար, որ ռուսական պաշտոնեության սանդուղքի վրա մի երկու աստիճանով բարձր է եղել Աբովյանից, առիթ է տվել թյուրիմացությունների։ Վերջիններիս հետևանքն է եղել այն, որ խեղճ հայը հուսահատության ծայրն է հասել։ Աբովյանը հետո ուղարկել էր իր օրագիրները այն ժամանակից և խնդրել, որ ես հրատարակեմ «Հավելումներ և լուսաբանություններ պրոֆ. Աբիխի՝ Արարատ սարը բարձրանալու մասին» վերնագրով։ Բոլորովին բարյացակամ մտքով ես չկատարեցի այդ խնդիրը, նախ որ՝ իմ կարծիքով, հրապարակային նշանակությունից զուրկ էին այն անհատական պարագաները, որ նրա վերոհիշյալ օրագիրների գլխավոր բովանդակությունն են կազմում, ապա նաև նրա համար, որ նրանց հրատարակությամբ ես, թերևս, երկուսին էլ վնասած լինեի։ Այնպես որ, այդ օրագիրները մինչև այժմ էլ իմ ձեռքին են, որովհետև հարմար առիթ չներկայացավ կրկին Երևան ուղարկելու»*[1]։

Բոդենշտեդը Հայաստանում եղել է 1844 թ․ մարտին։ Աբովյանի և բանաստեղծ Բոդենշտեդի միջև նամակագրությունը տևել է մի քանի տարի։ Ի՞նչ նոր բան է ասում Բոդենշտեդը Աբովյանի անհայտացման պատճառների մասին։ Նրա նյութական ծանր վիճակի և պաշտոնից դժգոհ լինելու մասին մենք ուրիշ ապացույցներ ևս ունենք։ Հետաքրքրականը Աբիխի հետ ունեցած գժտությունն է և «Հայաստանի ներքին մասը» քաշվելու ցանկությունը։

1844 թ. մարտի 18-ին «Հույժ շտապ» գրությամբ[2] և «բարձրագույն հրամանով» Աբովյանին Երևանից Թիֆլիս են կանչում, խորհրդակցելու «նատուրալ պատմության պրոֆեսոր և նադվորնի սովետնհկ» Աբիխի հետ և ուղեկցելու վերջինիս հին Հայաստանի երկրաբանությունն

  1. * Գր․ Բոդենշտեդ, Հազար ու մի օր արևելքում (գերմ․), 4-րդ գլ․ էջ 150-167
  2. 53