Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/543

Այս էջը հաստատված է

ինձ վրա, և որին խառնվելն իր բանը չէ,— իսկ պարոնայք Երևանի գավառապետն ու ոստիկանապետը՝ իրենք սերտ կապերի և դեռ անցյալ տարի Անդրկովկասյան դպրոցների վերատեսչին առաքինի վերաբերյալ հայտնածս դժգոհության պատճառով տածելով իմ հանդեպ անձնական խոր թշնամանք, որ և եղել է նորին պայծառափայլության Կովկասի պարոն փոխարքային ուղղված նրա մատնողության թղթերի պատճառը, մի՞թե կարող են գրել որևէ բան, որն ի վնաս ինձ չլիներ»։

7 Ի՞նչ գրություն է ակնարկում Բակունցը՝ հնարավոր չեղավ պարզել։

8 Բակունցն ակնհայտորեն չափազանցնում է։ 1845 թ. գժտությունից հետո, որի համար հավասարապես մեղավոր էին և՛ Աբովյանը, և՛ Բլավատսկին (վերջինս դպրոցական հանդեսը կիսատ թողնելով՝ հեռացել էր, իսկ Աբովյանն էլ բողոքել դպրոցների վերատեսչությանը), 1847 թվականին նրանք հաշտվել էին և մինչև անգամ միասին այցելել Անիի ավերակները, միասին գրազ բռնել երևանցի մի համառ դավառագիտունի՝ փոստապետ Արտեմ Քալանթարյանի հետ, որը ժխտում էր Արարատ բարձրանալու հնարավորությունն անգամ, և դնելով մեծ գումար՝ պաշտոնապես հայտարարել էին, որ կբարձրանան Արարատի գագաթը և դրանով իսկ կապացուցեն իրենց ճշտությունը և այլն։ Աբովյանը Բլավատսկու մասին բարձր կարծիք է հայտնել և դրվատանքի խոսքեր ասել «Ուղևորություն դեպի Անիի ավերակները» ճամփորդական խորհրդածություններում։ Այս բոլորը փաստեր են, որոնք չի կարելի աչքաթող անել։

9 Թուրքեստանովի 1848 թ. ապրիլի 8-ի № 33 գրությունը ներկայումս պահվում է՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 1, ց. 1, դ. 1726, թ. 35։

10 Համապատասխան հաշվեմատյանը պահվում է նույն հավաքածուի մեջ, գործ 2225։

11 Բակունցն իրավացի չէ, նա անտեսել է փաստերը։ Մարտի 30—31-ի և ապրիլի 1-ի ցերեկները Աբովյանն իր տանը չի՛ փակվել, այդ օրերին նա ռոճիկ է բաժանել ուսուցիչներին, իսկ Թուրքեստանովին հանձնել դպրոցական գործերը, այսինքն՝ արխիվի նյութերը։ Եթե ամբողջ երեք օր Աբովյանը հրաժարվեր վերատեսչի հրամանը կատարելուց և խուսափեր պաշտոնը հանձնելուց, Թուրքեստանովը, առանց այլևայլության, չէր լռի և անհապաղ կզեկուցեր ում հարկն է։ Բայց այդպիսի բան տեղի չի ունեցել։

12 Համապատասխան մատյանում (գ․ 2225) նման կեղծիք չկա, Աբովյանի ստորագրությունը կեղծված չէ, Բակունցին թվացել է։

13 Դպրոցական գումարների հանձնման արձանագրության մեջ ևս, որը խորագրված է «Տեղեկագիր Երևանի գավառական դպրոցի 1848 թ. հունվարյան եռամսյակի գումարների, որոնք ընդունել է հաստիքավոր տեսչի պաշտոնակատար պ. Թուրքեստանովը, գավառական դպրոցի ծառայողների մասնակցությամբ» (տե՛ս նույն տեղում, գ. 1726, թ. 37 և հետևյալները), դարձյալ որևէ կեղծիք չկա, ու նորից ամեն ինչ օրինական կարգով է։

14 Գավառապետ Բլավատսկու այդ կարգադրության բնագիրը չի՛ պահպանվել։