Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/545

Այս էջը հաստատված է

Ամենայն հավանականությամբ՝ Բակունցին ևս ծանոթ չի եղել նրա բնագիրը, և այդ մասին գրել է ենթադրաբար։

25 Մենք մի քանի անգամ խնդրել ենք ՀՍՍՀ Պետական կենտրոնական պատմական արխիվի երկարամյա վարիչ, բանասեր Գ. Հարությունյանին՝ Երևանի գավառական դատարանի 1848 թ. օգոստոսի 9-ի օրագրությունից քաղել և մեզ տրամադրել Աբովյանի անհայտացման գործին վերաբերող և Բակունցի մատնանշած հատվածը, սակայն միշտ էլ այն պատասխանն ենք ստացել, որ համապատասխան մատյանում ներկայումս նման բան չկա։

26 Երևանի գավառական դատարանի 1848 թ. օգոստոսի 17-ի օրագրության բնագիրը ներկայումս պահվում է՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 64, ց. 1, գ. 336, թ. 99— 103։ Բակունցի թարգմանությունը տեղ-տեղ ազատ է ու բացթողումներով. կարևորները վերականգնել ենք սուր փակագծերի մեջ։

27 Բակունցի շարադրանքի մեջ առկա են որոշ անճշտություններ։ Արաքսի ափին գտնված կմախքն ու կոշիկը, որոնք, ըստ ոմանց ենթադրության՝ կարող էին Աբովյանին պատկանել, ի հայտ են եկել դեռ մայիսի սկգբներին, Աբովյանի ազգականներ Աղաբաբ Առաքելյանի և Գրիգոր էլիմիրզյանի որոնումների ընթացքում։ Մայիսի 7-ին Զանգիբասարի գավառակի պետը կոշիկը հատուկ գրությամբ ուղարկում է Երևանի ոստիկանությանը։ Մայիսի 15-ին ոստիկանապետ Մորոխովեցը այդ կոշիկը՝ Աբովյանին պատկանելու կասկածն ստուգելու համար, հատուկ գրությամբ, ուղարկում է Աբովյանի կնոջը ի զննություն (գրության բնագիրը տե՛ս Աբովյանի արխիվ № 647)։ Տիկին էմիլյան մայիսի 17-ին պատասխանել է ոստիկանապետին, որ կոշիկը նման է Աբովյանի ունեցածներին (նույն տեղում, № 594)։ Հիշյալ վավերագրերը Բակունցին ծանոթ չեն եղել, ու այդ պատճառով էլ կոշիկի հայտնությունը նա վերագրում է ավելի ուշ ժամանակի։

28 Բլավատսկու՝ մայիսի 21-ին գրած և Բակունցի հիշատակած սույն առաջադրանքի բնագիրը մեզ չի՛ հասել։ Բացի այդ, Բակունցը նախորդ էջերում էլ գրում է, թե գավառապետի կարգադրությունն արված է հուլիսի 31-ին (տե՛ս վերևում, ծան. 24)։ Ո՞րն է երկու ամսաթվերից հավաստին՝ չենք կարող երաշխավորել։

29 Կրկնվում է նորից մի լեգենդ, որին արդեն անդրադարձել ենք վերևում, ծան. 11։ Իրականում, ըստ տանեցիների և կնոջ վկայության՝ մինչև անհետանալը, Աբովյանը երեք օր տառապել է անքնությամբ, մտատանջության մեջ է ընկել և անգամ ասել, թե փոշմանել է, որ փոխում է գործունեության ասպարեզը։ Այս սակայն բնավ չի նշանակում, թե նա երեք օր առանձնացել է իր սենյակոմ, ինչպես բխեցրել է Բակունցը։

30 Աբովյանի անհայտացման մասին գավառապետ Բլավատսկու՝ փոխարքա Վորոնցովին ուղարկած գրության հատվածը երկու անգամ մեջ է բերված Աղ. Երիցյանցի հոդվածներում և երկու անգամ էլ տարբեր ամսաթվերով. մեկ՝ ապրիլի 20, մեկ էլ՝ ապրիլի 26 (տե՛ս «Արձագանք», 1892, № 123 և 1896, № 102)։ Նույն գրության քաղվածքը, որ մեջ է բերված «Ахты»-ում (հ. 10, էջ 830), թվագրված չէ։ Մեզ հավանական է թվում ապրիլի 26-ը։