Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/555

Այս էջը հաստատված է

պարտադրել թեմական դպրոցին, որ դադարեցնի այսուհետև աշխարհական դասի երեխաներին հոգևոր դպրոց ընդունելը։ Այս հարցի մասին Լեոն նույն տարվա դեկտեմբերի 5֊ին հրապարակային դասախոսություն է կարդացել Թիֆլիսում, որ վերնագրված է՝ «Խաչատուր Աբովյանի կյանքից մի գիծ»։ Լեոյի զեկուցումը մեծ աղմուկ հանեց։ Ըստ երևույթին՝ մի հնազանդ ցարական չինովնիկ հռչակելով Աբովյանին՝ վիրավորում էր նրա պայծառ հիշատակը (տե՛ս «Հորիզոն», 1913, № 273)։ Լեոյին սկսեցին ձայնակցել բանին անտեղյակները։ Ավելի սթափները, սակայն, հրապարակավ կշտամբում էին նրան, որ խնդրի մեջ խորամուխ չլինելով՝ հապճեպություն է հանդես բերել և աղավաղել հայ մեծ հայրենասերի դիմաստվերը։ Օրինակ՝ «Արփի» թերթի հոդվածագիրը, բողոքելով Լեոյի այս արարքի դեմ, պահանջում էր կազմակերպել գրական դատ և մերժել Աբովյանի մասին նմանօրինակ զրպարտանքը (տե՛ս 1913, դեկտեմբերի 15, № 49)։ Ամբողջ հարցն այն է, որ Աբովյանը բնավ չէր պահանջում, որ հայկական դպրոցները փակվեն, ինչպես փորձում էին մեկնաբանել նրա վերոհիշյալ գրության իմաստը, այլ աշխարհականների երեխաներին չընդունել հոգևոր դպրոցներ։ Մանավանդ որ, իրականում՝ Երևանի թեմական դպրոցը անունով էր միայն հայոց դպրոց, որովհետև մայրենի լեզվից ու կրոնից բացի մնացած բոլոր առարկաները դասավանդվում էին ռուսաց լեզվով, ինչպես որ գավառական դպրոցում էր, որի գործունեությունը ավելի լավ հիմքերի վրա էր դրված և ուր, ըստ Աբովյանի, պետք է հաճախեին աշխարհականների զավակները։

94 Աբովյանի այդ գրության սևագիր ինքնագիրը պահվում է՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 1, ք, 1, ց. 63, թ. 12, գրված է 1843 թ. նոյեմբերի 13-ին։ Ըստ որի՝ Աբովյանը ո՛չ թե փակել էր տվել ոմն մոլլա Հասանի դպրոցը, այլ պատասխանելով Անդրկովկասյան դպրոցների վերատեսչությանը և հենվելով երևանցիներից լսած կարծիքների վրա, հաղորդում էր, որ այդ մոլլան բարոյապես մաքուր մարդ չէ, երեխաներին ոչինչ չի սովորեցնում և մեծ մասամբ հանձնելով ուրիշների հսկողությանը՝ ինքը մեկնում է զանազան կողմեր։

95 Ո՞վ է Աբովյանի մասին այդչափ բարձր կարծիք հայտնած անանուն ֆրանսիացին, ցարդ պարզված չէ։ Զարմանալի է մանավանդ, որ այդ ֆրանսիացուն առաջին հերթին հիացրել է Աբովյանի գերմանագիտությունը և Շիլլերի, Լեսսինգի ու Լայբնիցի փիլիսոփայական-գեղագիտական հայացքների խոր իմացությունն ու յուրովի մեկնաբանությունները, մինչդեռ Աբովյանը նույնչափ լավ գիտեր նաև ֆրանսիական լուսավորիչներին՝ Ռուսսոյին ու Մոնտեսքյոյին, ազատ խոսում էր ֆրանսերեն և, երևի թե, հիշյալ ֆրանսիացի ճանապարհորդի հետ ավելի վերջին հարցերի մասին պիտի խոսեր։ 1840—48 թվականներին Անդրկովկաս այցելած և Աբովյանի հետ հանդիպած ո՛չ մի ֆրանսիացի ընդհանրապես ծանոթ չէ, եթե միայն Ստեփան Ոսկանը չի շփոթել իր նամակագրի ազգությունը։ Անձամբ այն կարծիքին ենք, որ անանուն ֆրանսիացու խոսքերը, որոնց անվերապահ հավատ են ընծայել տվյալ խնդրին անդրադարձած բոլոր աբովյանագետները, նաև Ա․ Բակունցը, հորինել է Ոսկանն ինքը՝ աչքի առաջ ունենալով Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Մորից Վագների «Ուղևորություն դեպի Արարատ և Հայկական բարձրավանդակ» աշխատության համապատասխան դրվագները" Ստ․ Ոսկանի հոդվածից Բակունցի քաղած այդ տողերի մեջ սպրդել են վրիպակներ՝ կարծիքներեն-ը տպված է՝ կարիքներեն, մեզի-մեզ, որոնք ուղղում ենք։