Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/556

Այս էջը հաստատված է

96 «Նախաշավղի» առաջին տպագրության օրինակները իբրև թե Կարապետ արքեպիսկոպոսի հրամանով կրակին հանձնելու այս վարկածը նորօրյա լեգենդ է և չի հաստատվում պաշտոնական վավերագրերով (իսկ այդպիսիք չէին կարող չլինել)։ Հորինվել է Աբովյանի առաջին կենսագիր Մ. Տեր֊Ազարյանի խոսքերի ազդեցության տակ և նրանց իմաստը այլափոխելու ճանապարհով. «Հայտնի չէ՝ ի՞նչ էր պատճառը, որ նա չէ կարողացել վերջացնել սորա տպագրելը,— հարց է տվել Տեր-Ազարյանը ու փորձել բացատրել։— Մենք տեսել ենք այս գրքույկի տպած թերթերը, որոնց տիպը շատ անպիտան է։ Չլինի՞ թե այս հանգամանքն է պատճառ դառել չտպելու, սակայն ուրիշներիցը այսպես ենք լսում, թե հանգուցյալ Կարապետ վիճակավոր արքեպիսկոպոսը տեսնելով, որ այս գրքույկը աշխարհաբար լեզվով է շարադրված, տպագրելը արգելել է» («Կռունկ հայոց աշխարհին», 1861, № 7, էջ 541)։ Աբովյանի իսկ վկայությամբ և պաշտոնական գրությունների համաձայն՝ «Նախաշավղի» տպագրությունն ավարտվել է, սակայն նրա, իբրև դասագիրք, գործածելը արգելել է Թիֆլիզի գիմնազիայի մանկավարժական խորհուրդը՝ հենվելով հայ գրախոսներ Առաքել Արարատյանի և Դավիթ Արզանյանցի հայտնած բացասական կարծիքների վրա։

97 Բակունցն այս տվյալը քաղել է Սարգիս Քամալյանի 1931—32 թթ. դեռևս վերջնական ձևավորում չստացած գրառումներից, կամ էլ օգտվել նրա բանավոր հաղորդումներից և թույլ է տվել անճշտություն։ Աբովյանն ըստ այդմ ապրում էր ոչ թե ժամհարի խրճիթում, այլ Վանքի եկեղեցու շրջակա խցերից մեկում, ուր հետագայում բնակվում էր ժամհարը (տե՛ս «Ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին», էջ 105)։

98 Մեջբերած տողերը Աբովյանի՝ 1836 թ. հուլիսի 22-ին ակադեմիկոս Քրիստիան Ֆրենին գրած նամակից են, որոնք Բակունցն արտագրել է ՀԽՍՀ Գիտության և արվեստի ինստիտուտի տեղեկագրում 1928 թվականին Ե. Շահազիզի հրատարակած հոդվածից։

99 Ակնհայտ չափազանցություն. Մեսրոպ Էրիվանցովը (Երևանցյան) Ս. Նազարյանցին դրամ է ուղարկել միայն մի անգամ, 1836 թ․, այն էլ՝ Աբովյանի հորդորանքներից հետո։ Իրականում, Նազարյանցը Դորպատում ուսանել է ծանր պայմաններում և մշտական կարիքի մեջ, մինչև որ տևական միջնորդություններից հետո նրան նշանակվում է պետական թոշակ։

100 «Հախվերմազը» կամ պարտքը ուրացողը, որին ուղղված են Աբովյանի մերկացնող նամակը և երգիծական ոտանավորը, ամենայն հավանականությամբ՝ տփղիսեցի վաճառական Ստեփան Խերեդինովն է, որը մինչև վերջ էլ Աբովյանին չվերադարձրեց պարտքը շուրջ 500 ոուբլի արծաթով։ Այդ խնդրով Աբովյանի անհայտացումից հետո զբաղվում էին նրա ժառանգության խնամակալները։

101 ...տարաժամ դեպի վաճառականական դասը․․․-Վաճառականական դասի հանդեպ Աբովյանի ունեցած իբրև թե անվերապահորեն բացասական վերաբերմունքի մասին այս նույն ոգով Բակունցը գրել է նաև հետագա էջերում, սակայն առկա փաստերը ուրիշ բան են ասում։ Օրինակ՝ «Վերք Հայաստանի» վեպի սևագիր տարբերակի հատվածներից մեկում,