Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/557

Այս էջը հաստատված է

որը չի մտել վերջնական բնագրի մեջ, Աբովյանն ասում է. «Աստված էլի կյանք տա՛ Թիֆլիզի վաճառականներին, աստված նրանց պահի՛, պայծառացնի՛, ազգի համար հաստատ մնա» («Երկերի լիակատար ժողովածու», հ, III, էջ 239), իսկ բուն վեպում ներբողված են «ազգի պատվական իշխաններ», պարոնայք Զավրովը, Խերեդինովը, Դավիթ Թամամշովը, Մովսես Տեր֊Գրիգորովը, որոնք հենց մեծահարուստ վաճառականներ էին (էջ 61)։ Այնպես որ, այսպիսի թեզ առաջադրելիս՝ պետք էր չանտեսել հակառակն ապացուցող հիշյալ փաստերը։

102 Քաղված է «Նախաշավղի» տպագիր օրինակից (էջ 63), որի հայտնի միակ օրինակն այն տարիներին պահվում էր Ղազարոս Աղայանի արխիվում, Հայաստանի գրական թանգարանում, որտեղ և, անկասկած, կարդացել է Ա. Բակունցը։ Քաղվածքի մեջ սպրդել է մի վրիպակ՝ առուտուր բառը արտագրված է առևտուր, որ ուղղում ենք։

103 «Վերք Հայաստանի» վեպի առաջին հրատարակչին՝ Հովսեփ Փոնդոյանցին, ժամանակակիցները կոչել են «ուսումնական» պարոն (տե՛ս «Կռունկ հայոց աշխարհին», 1860, № 11, էջ 870), հետևաբար Բակունցի՝ նրա հասցեին արած կշտամբանքն անհիմն է։ Դրանից էլ անկախ՝ վերջինիս պատկերացումները Հ. Փոնդոյանցի անձի ու գործի մասին իրականությանը չեն համապատասխանում։ Բակունցի համոզմամբ՝ «Վերք Հայաստանիի» հրատարակիչը վաճառական էր և ներկայացուցիչն այն խավի, որի հանդեպ թշնամանքով էր լցված Աբովյանը, մինչդեռ նա XIX դարի 50—60֊ական թվականների առաջավոր մտավորականներից ու հայագետներից էր, գաղափարակիցն ու գործակիցը հռչակավոր հայ բանասեր Գևորգ Ախվերդյանի։ Վերջինս իր մեծ վաստակի համար վաղուց ճանաչված է որպես Սայաթ֊Նովայի բանաստեղծական ժառանգության հայտնագործող ու հետազոտող և արևելահայ իրականության մեջ գիտական բանասիրության ու բնագրագիտության հիմնադիր։ Նույնպիսի արժեք ու նշանակություն են ստանում Հովսեփ Փոնդոյանցի ծառայությունները Աբովյանի գրական ժառանգության ժողովրդականացման մարզում։ «Վերք Հայաստանի» վեպի հրատարակությունից բացի՝ Փոնդոյանցի ջանքերի պտուղներն են անցյալ դարի 50—60-ական թթ․ առանձին գրքերով և Տփղիսի հայ պարբերականներում («Կռունկ հայոց աշխարհին», «Մեղու Հայաստանի») լույս տեսած Աբովյանի համարյա բոլոր ստեղծագործությունները՝ «Զանգի», «Պարապ վախտի խաղալիք», «Ագնես», «Ազնվամտություն և շնորհակալություն», «Հազարփեշեն», «Նախաշավիղ» (Ա մաս, Հ. էնֆիաճյանցի գործակցությամբ) և այլն, որոնց համար նա չի խնայել ո՛չ իր անձը և ո՛չ էլ միջոցները։

Հ. Փոնդոյանցը ծնվել է 1824 թ. սեպտեմբերի 3-ին, Տփղիսում։ Միջնակարգ և բարձրագույն կրթությունն ստացել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում և Կազանի համալսարանում, որն ավարտել է իրավաբանության թեկնածուի գիտական աստիճանով։ 50-ական թթ. սկզբներից պաշտոնավարնլ է հիմնականում հայրենի քաղաքի դատարանում, խնամակալական հանձնախմբում և քաղաքային վարչության մեջ։ Որպես իրավաբան մեծ հեղինակություն էր վայելում։ Նա եռանդուն մասնակցություն է ցույց տվել հայ գրական֊հասարակական կյանքին, աշխարհաբարի մշակման ուղիների շուրջ բանավիճել է «Հյուսիսափայլի» և Ս. Նազարյանցի հետ՝ հակված լինելով ու համակրելով Աբովյանից սկիզբ առնող գրական հոսանքի լեզվական քաղաքականությանը։