Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/559

Այս էջը հաստատված է

փողի վերածելիս՝ կստացվեր 540—720 ոսկի ռուբլի (մեկ թումանը հաշվում էին 3—4 ռուսական ռուբլի), ավելացրած նաև հացահատիկի բերքի կեսը, որն, ինչ խոսք, մեկ ու կես անգամ ավելի է ռուսական տիրապետության օրոք սահմանված կայուն հարկերի գումարից։ Այս վերջինների «ահավորությունը» Բակունցն ուզում է ընդգծել ցորենի գնի էժանությամբ, սակայն անցյալ տարի 40֊ական թվականներին լավ ձին վաճառվում էր 300 և ավել ռուբլով, ուրեմն՝ Քանաքեռը տարեկան երկու ձի էլ չէր վճարում պետությանը (այս ամենի մասին տե՛ս Հաքստհաուզենի աշխատության գերմաներեն բնագիրը, "Traskaukasia", մասն 1, էջ 183, 193, 197 և այլն)։ Բակունցն այնուհետև անտեսել է փոքր-ինչ հետո, հենց իր վկայակոչած վավերագիրը, ուր պարզորոշ ասված է, որ պետական գյուղացիները 1842 թվականին վճարում էին ընդամենը 2 ռուբլի հարկ (տե՛ս սույն հատորում, էջ 74—75, ծան. 2)։ Վերջապես՝ Բակունցն իր այս աշխատության մեջ նաև վկայակոչել է իբրև թե Հաքստհաուզենի ասած խոսքերը, որ հայ ժողովուրդը ռուսական տիրապետության տակ անցնելուց հետո շահագործվել է դաժանորեն, որ «պարսից ժամանակների համեմատությամբ այժմ ավելի է ճնշված ժողովուրդը»։ Իրականում, սակայն, այդ խոսքերը ասվել են այլ առիթով ու այլ ձևով։ Հաքստհաուզենի աշխատության գերմաներեն բնագրի էջ 253-ում կա մի անդրադարձում՝ բուն պարսիկ գյուղացիների վիճակի մասին. «Անձնապես ազատ պարսիկ գյուղացիները անսահմանորեն ավելի ճնշված են և խեղճ, քան թե նրանք լինեին ճորտեր»։ Ահա այս խոսքերն էլ վերափոխելով՝ Բակունցը, թերևս անուշադրության պատճառով, վերագրել է ռուսական տիրապետության շրջանի հայ գյուղացիներին։ Ընդհակառակը, Հաքստհաուզենի գրքի բազմաթիվ էջերում գտնում ենք Բակունցի հետևությանը բոլորովին հակառակ մտքեր. «Հայերը ռուսական գրավումը երբեք չեն դիտել որպես նվաճում, այլ՝ որպես փափագած ազատագրում։ Դրա համար նրանք... հույժ անձնվեր ու հավատարիմ են Ռուսաստանին» (էջ 275)։ «Այժմ այս աշխարհը վայելում է խաղաղություն և անդորրություն» (էջ 220) և այլն։ Մի նուրբ կետ ևս, որ անտեսել է Բակունցը. գերմանացի ճանապարհորդները, անդրադառնալով հայ Ժողովրդի վիճակին՝ քաղաքական նկատառումներով խտացնում էին գույները, որպեսզի Ռուսաստանի նկատմամբ անդրկովկասյան ժողովուրդների շրջանում թշնամանք ու դժգոհություն սերմանեին, հետևաբար չի՛ կարելի անվերապահ հավատ ընծայել նրանց ամեն ասածի։ Բայց Հաքստհաուզենը դրանցից չէր, նա իր հայացքներով միապետական էր և փառաբանում էր Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունը։

110 Բակունցն այս մեջբերումն արել է ոչ թե ուղղակիորեն Բոդենշտեդի աշխատությունից (Ա հրատ. 1848 թ.), այլ «Հայրենիք» ամսագրի մի հոդվածից (տես 1931, №6, ապրիւ. էջ 107)։

111 Բակունցն արդարացի չէ. օտարերկրացի ճանապարհորդները ո՛չ թե ազդել, այլ ավելի շուտ ազդվել են Աբովյանից։ Պահպանելով հանդերձ նրանց հետ գիտական ու անձնական կապեր՝ Աբովյանն էությամբ միշտ էլ մնաց հայ մարդ. «Վերք Հայաստանի» վեպի հեղինակը բնավ չփոխվեց։

112 Այս և հաջորդ երկու մեջբերումները ո՛չ թե Վագների «Ուղևորություն դեպի Արարատ և Հայկական բարձրավանդակ» աշխատության բնագրից են, այլ «Հայրենիք» ամսագրի մի հոդվածից (տե՛ս 1927, № 12, հոկտեմբեր, էջ 104 և 105)։