Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/56

Այս էջը հաստատված է

ներքին մասը» հեռանալու ցանկությունն է, «պապերի հետ» երկրագործությամբ պարապելու ձգտումը։ Յուր տեղը մենք կփորձենք բացատրել, թե ինչո՞ւ նրա մեջ խորանում էր այդ ցանկությունը, ինչո՞ւ հենց այն վիճակում, երբ ինքը իր կամքով հրաժարվել էր պետական ծառայությունից՝ Ներսիսյան սեմինարիայում աշխատանքի հրավիրվելու պատճառով, միանգամայն անակնկալ կերպով, շրջապատի համար խորհրդավոր հանգամանքներում, երեսի վրա ձգելով բազմաթիվ անավարտ գործեր, նույնիսկ այնպիսին, որ կարող էր բարելավել իր նյութական ծանր վիճակը, անհայտանում է, հետքից թողնելով վերադարձի անակնկալությունը և զանազան ենթադրություններ։

Հայ տարեգրությունը միայն տասը տարի հետո է արձանագրել Աբովյանի անհայտացումը։ Առաջին անգամ այդ մասին գրել է Ստեփանոս Նազարյանը*[1] մեկը, որ Խաչատուրի հետ դասընկեր էր եղել դեռ Թիֆլիսի «Վանքի շկոլում», ապա՝ Դորպատում, և հետո՝ նամակներով պահել այդ կապը համարյա մինչև 1848 թիվը**[2]։

Նա «անձնատուր է լինում,— գրում է Ստ. Նազարյանը,— մի խավար հուսահատության և հանկարծ չքանում է յուր ընտանիքի և բարեկամների միջից, բայց թե ո՞ւր, ոչ ոք չգիտե մինչև այժմ։ Միտ դնելով նորա տրտում և հուսակտուր երգերին, որ մեր բարեկամներից մինը ուղարկել էր ինձ Թիֆլիզից, պիտո է եզրափակել, որ Ապովյանը մի

  1. * «Հյուսիսափայլ», 1858, էջ 146
  2. ** 1847 թ. հունիսի 16-ին Շահխաթունյանին գրած նամակում Աբովյանը հայտնում է, «որ մեր Նազարյանը նպատակ ունի գալ Տփխիս՝ ազգօգուտ նպատակների համար»: Այժմ հայտնի է, որ այդ «նպատակները» նրանք շատ հնուց ունեին, դեռ 1825 թ.։ Նրանց ոգևորողը Հարություն Ալամդարյանն էր, երկուսի ուսուցիչը և բարեկամը։ «Ընկերության» ջատագովներից էր Մսեր Մսերյանը: Նրանց նպատակն էր՝ հիմնել կրթական-կուլտուրական մի ընկերություն, մի ուխտ, ինչպես Մխիթարյանները։ Ընկերության գլուխը պիտի կանգներ Աբովյանը։ 1832 թ. հունվարի 26-ին Մսերյանը գրում է Տփխիսից Դորպատ Աբովյանին։ «Փութա՛, եղբայր իմ, փութա՛ պարագլուխ հանդիսանալ ընկերութեանս մերոյ...։ Պատրա՛ստ եմ հեղուլ զարիւն իմ յանուն ընկերութեանս մերոյ»: «Ընկերության» կենտրոնը պետք է լիներ «Հայաստանի ներսը», իսկ սկզբում՝ Ս. Խաչ վանքը։ 1845 թ. նոյեմբերի 10-ին Ստ. Նազարյանի՝ Աբովյանին գրած նամակից հայտնի է, որ Նազարյանը մտադրվում է գալ Թիֆլիս, հրատարակելու «Հայկական օրագրությունը»՝, այսինքն՝ մի հանդես, որի համար նա բանակցություններ էր վարում փոխարքա Վորոնցովի հետ: