Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/57

Այս էջը հաստատված է

խավար րոպեի մեջ մահու է տվել յուր անձը։ Հայոց Հելիկոնի վրա դափնիք չեն բուսանում արժանի գլխի համար»։

Տասը տարի անց նույնիսկ նրա մոտ բարեկամը ստույգ չի կարողանում ասել, թե ինչ եղավ Աբովյանը։ Եվ եթե այնուամենայնիվ նա «մի խավար րոպեի մեջ մահու է տվել յուր անձը», ապա այդ էլ միայն «միտ դնելով», այսինքն՝ եզրակացնելով նրա հուսակտուր երգերից, որ Նազարյանը ստացել էր, իհարկե, անհայտանալուց շատ ուշ։ Իսկ ինչ վերաբերում է «Հայոց Հելիկոնի դափնիներին», ապա այդ որոշակի ակնարկ էր այն անհրապույր միջավայրի, որի մեջ ընկել էր Աբովյանը, և որից հեռու էր U. Նազարյանը։ Մենք դեռ առիթ կունենանք տեսնելու, թե ինչպիսի դառն գանգատներ է գրում Աբովյանը Նազարյանին, և ինչպես հեռվից-հեռու վերջինս հուսադրում է նրան, որպեսզի Աբովյանը հրաժարվի «նոր տուն և նոր հայրենիք փնտրելուց[1]։

Առայժմ մենք հայ մամուլից բերենք մի երկրորդ և վերջին հիշատակություն ևս՝ Աբովյանի անհայտացման մասին, և սրանով փակենք հետագա աղբյուրների նյութերը, որովհետև մնացած բազմաթիվ ուսումնասիրողներն անհայտացման նոր ուղիներ չեն փնտրել, մեծ մասը խառնափնթոր կրկնել է մինչ այդ հայտնի տեղեկություններն ու վերսիաները, փոքրաթիվ մասը՝ նոր տեղեկություններով հարել գոյություն ունեցող վերսիաներից մեկնումեկին։

Այս անգամ տեղեկություններ հաղորդողը արևմտահայ հրապարակախոս Ստ. Ոսկանն է, որ գրել է Նազարյանից մի տարի հետո, հիմք ունենալով Աբովյանի աշակերտներից մեկի հաղորդածը*[2]։

«Պարոն Աբովյանի անունը մեզի հայտնի էր շատ ատենե ի վեր, և օտարազգիք գովեստով հիշեր են միշտ իր գրագիտությունը, սակայն՝ չէինք լսեր տակավին այդ դեպքը, որ զինքը աներևույթ ըրավ։ Իր կորուստը երեք կերպով կրնա մեկնվիլ, կա՛մ հուսահատութենեն ինքնամեռ եղավ աշխարհե, կա՛մ ուրիշներն սպանվեցավ և կա՛մ զոհ եղավ անխուսափելի վտանգի մը։ Իր ընտանիքը, բազմաթիվ աշակերտները, գրեթե Թիֆլիզի բոլոր հայ Ժողովուրդը, ամեն եռանդ ի գործ դրին, որ իր հետքը գտնեն, բայց ամեն աշխատություն ունայն եղավ: Մինչև այսօր մարդ չգիտե, թե ո՞ւր է, ի՞նչ վիճակի մեջ կը գտնվի, կապրի՞

  1. 65
  2. * «Արևմուտք», 1859, №6, էջ 41-42