Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/598

Այս էջը հաստատված է

1. «ՓԱՅԼԱԿԻ» ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆԸ

Տպագրվել է՝ «Փայլակ», 1915, № 43, օգոստոսի 6, էջ 4, «Նամակներ խմբագրության» բաժնում, իսկ հետագայում արտատպվել «Գրական թերթ», 1967, № 36, սեպտեմբերի 1, էջ 3։

Արտատպվում է «Փայլակ» շաբաթաթերթից։

1 Տե՛ս «Մաթվեյ Մաթվեիչ» ֆելիետոնը։


2. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ


Ինքնագիրը (բնագիր) պահվում է ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ. 28, գ. 121, թ. 217։

Առաջին անգամ տպագրվել է՝ Ռ․ Իշխանյան, Բակունցի կյանքն ու արվեստը, Ե․, 1974, էջ 31—32։

Չնայած դիմումի տակ թվականը բացակայում է, սակայն, առանց այլևայլության, գրված է 1915 թվականին (պատճառաբանությունները տե՛ս ստորև)։

Արտատպվում է ինքնագրից։

1 Օգնել տաճկահայ փախստականներին... —1915—16 թթ. ուսումնական տարվա ճեմարանի դասերը մինչև նոյեմբերի 1-ը ընդհատվում են, քանի որ նրա շենքը դառնում է «անտեր, անօգնական և որբ մանուկների ու հիվանդների ժամանակավոր ապաստարան» (տե՛ս «Մշակ», 1915, № 175, օգոստոսի 11, էջ 1)։ Բակունցը այդ պատճառով մեկնում է Գորիս։ 1915 թ. հուլիսի 7-ին Հայկական կենտրոնական կոմիտեն և Կովկասի հայոց բարեգործական ընկերության խորհուրդը հրապարակում են մի կոչ՝ Ալաշկերտի, Վանի և Մանազկերտի շրջանների համար բժշկասանիտարական և ինտելիգենտ կառավարիչների նոր խմբեր կազմելու մասին («Մշակ», №145)։ Սույն դիմումով՝ տաճկահայ փախստականներին օգնելու իր պատրաստակամությունն է հայտնում նաև Բակունցը, բայց նրա դիմումը թողնվում է անհետևանք, (բանասեր Իշխանյանի ենթադրությամբ. «գուցե և մերժվել է Բակունցի տարիքի (16 տարեկան) պատճառով» (տե՛ս նշված աշխատությունը, էջ 32), որն անհավանական է)։ Նկատի առնելով, որ դիմումի վրա չկան մակագրություններ, պիտի կարծել, որ այն դուրս է մնացել այդ գործը տնօրինողների ուշադրությունից։

3. ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Ինքնագիրը պահվում է ՀՍՍՀ ՊԿՊԱ, էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի աշակերտական գործեր, ֆ. 312, ց. 2, գ. 246, թ. 6:

Հրատարակվել է՝ «Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1958, № 1, հունվար, էջ 94 և «Ակսել Բակունցի ստեղծագործությունը» (հոդվածների ժողովածու), Ե., 1959, էջ 266 (երկուսն էլ՝ Ա. Ադամյանի հրապարակումները) և Ռ.Իշխանյան, Ակսել Բակունց, կենսագրություն և մատենագիտություն, Ե., 1960, էջ 23:

Արտատպվում է ինքնագրից։