Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/60

Այս էջը հաստատված է

սպանվեցավ», բայց, ինչպես տեսանք, ինքը՝ Ոսկանը, չի հավատում դրան, և, վերջապես, այդ «ուրիշները» «թուրքի դավադրության» անիմն և միտումնավոր վերսիայի համար դեռ ապացույց չէ։ Նրա մի ուրիշ ժամանակակից, տան սպասավոր սպահանցի Ասատուրը, ինչպես գրում է Ա-Դոն, «իր աղայի մասին մի վատ խոսք անգամ լսել չէր ուզում, մանավանդ այն մասին, որ նրա աղան մի թուրք կնոջ հետ կապեր է ունեցել»[1]:

Սակայն թե՛ Ա-Դոն և թե՛ Ե. Շահազիզը, որի աշխատության մեջ նկարագրված են նոր և ապարդյուն որոնումներ, դարձյալ այս վերսիայի հիմունքով, այս անգամ մեր օրերում, համամիտ չեն «թուրքի դավադրության» առասպելին և երկուսն էլ հավանական են համարում ինքնասպանությունը։

Կարևոր է նշել այն, որ Սիբիր աքսորելու կամ, ինչպես Ստ. Ոսկանյանն է գրում՝ «խոր վիրապի մեջ պահելու» վերսիան, ինչպես և նրա շրջելը Ակոռի կողմերը, Ղարսում կամ Գանձակում, ապացույց է, որ նրան ճանաչողները որոշ ժամանակ համոզված են եղել, թե նա դեռ կենդանի է, թե ապրիլի 2-ի անհայտացումը դեռ ֆիզիկական ոչնչացում չի նշանակում։ Էմիլյա Աբովյանի ակնկալությունը, առաջին նամակագրի հիշած ումուտը, «որ նրան բան չի կա», ոստիկանության անպտուղ հետախուզումները, դիակը չգտնելը և, առհասարակ, ապրիլի 2-ի անակնկալ անհայտացման պայմանները մեզ բերում են մի ուրիշ համոզման։ Որ Աբովյանին ապրիլի 2-ին ո՛չ սպանել են, ո՛չ ինքն է «մի խավար րոպեի մեջ մահու տվել իր անձը» և ո՛չ էլ «սև կառեթով» նրան քշել են Սիբիրի խորքերը։

Մի անակնկալ առիթից նա վճռել է օգտվել՝ ազատվելու համար ծանր միջավայրից, փնտրելու «նոր տուն, նոր հայրենիք»[2], որի համար կիսատ է թողել բոլոր գործերը, դպրոցի հանձնումը, որ սկսել էր» ընտանիքը, որից դառնաղի գանգատներ նա առաջ էլ գրել է, և բռնել մի ուղի, որ կարող էր տանել նրան կամ դեպի ազատագրումն այդ հոգսերից, միջավայրից, որից այնքան դառնացած և հուսախաբված էր, որտեղ չուներ ամուր կռվան,— և կամ դեպի խորխորատ, դեպի մահ։ Վերջին հուսահատ փորձն էր անում նա, մի փորձ, որ լոգիկաբար գադաթնակետն էր նրա մինչ այդ արած բազմաթիվ ապարդյուն ճիգերի։ Եվ եթե մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ն իր սենյակում փակված մթնում, չէր ուտում, շորերը չէր հանում ու միշտ ծխում էր երկար չիբուխը»,

  1. 76
  2. 77