Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/609

Այս էջը հաստատված է

ՀՕԿ-ի 3-րդ համագումարը կայացել է 1923 թ. հոկտեմբերի 14—19֊ը Երևանում: Համագումարի պատգամավոր լինելու մասին ոչ միայն անձամբ է Բակունցին հայտնվել (ինչպես այդ մասին նշված է նրա զեկուցման մեջ), այլև 1929 թ. սեպտեմբերի 22-ին Մոսկվայից Երևան՝ ՀՕԿ-ին ուղարկած հետևյալ հեռագրում. «Պատգամավորներ են մեկնում. Մոսկվայից՝ Քալանթարը, Միքայելյանը, Տեր-Մանվելյանը, Պյատիգորսկից՝ Ղազարբեկովը, Աստրախանից՝ Ասլանյանը, Գրոզնուց՝ Գարագաշը, Խարկովից՝ Բակունցը: Հեռագրով հաստատեք համագումարի բացման օրը» (տե՛ս ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 178, ց. 1, գ. 70, թ. 34, տպագրվում է թարգմանաբար):

Բացի ՀՕԿ-ի Խարկովի մասնաճյուղի հաշվետու զեկուցումից, Բակունցը համագումարում ունեցել է նաև այլ ելույթներ, որոնք տպագրվում են սույն հատորի սղագրությունների բաժնում։ Համագումարը Բակունցին ընտրեց ՀՕԿ-ի ղեկավար մարմնի՝ կենտրոնական վարչության անդամ։ Արխիվային գործերում հայտնաբերվել է ՀՕԿ-ի կենտրոնական վարչության նիստերին Բակունցի մասնակցությունը ցույց տվող միայն մեկ արձանագրություն. դա կենտրոնական վարչության և վերստուգիչ հանձնաժողովի 1926 թ. մարտի 24-ի համատեղ նիստի № 34 արձանագրությունն է (տե՛ս նույն տեղում, գ. 140, 9. 73)։

ՀՕԿ-ի հետ Ա. Բակունցին կապում են այլ փաստեր ևս։ Նրա 1927 թ. լույս տեսած «Հովնաթան Մարչ» վիպակը մի քանի հարյուր օրինակ գնվել է ՀՕԿ-ի կողմից և տարածվել սփյուռքահայ գաղթավայրերում (Իրան և այլն)։

Համագումարի պատգամավոր Երվանդ Հարությունյանը (Թավրիզ) իր ելույթում նկատել է, թե «Ընկեր Բակունցն ասաց, որ Հայկոոպի մի տուփ ծխախոտը Ուկրաինայում գնահատվել է 50 ռուբլի։ Կարող էր նաև 500 ռուբլի գնահատվել, եթե կենտրոնական վարչությունը կանոնավոր ինֆորմացիա տար և ոգևորեր ճյուղերին» (տե՛ս նույն տեղում, գ. 80, թ. 27)։ Բայց այդ միտքը Բակունցի զեկուցման մեջ բացակայում է։

Մամուլում հրապարակվել է Բակունցի զեկուցման խիստ համառոտ շարադրանքը: «Խոսք է տրվում Ուկրաինայի ներկայացուցիչ ընկ. Ա. Բակունցին, որն անցավ Ուկրաինայի ՀՕԿ-ի կատարած մի քանի աշխատանքներին։ Հիմնվել է գրադարան Հովհ. Թումանյանի անվան, ուշադրություն է դարձվում դպրոցների վրա և տարվում են այլ աշխատանքներ» («Խորհրդային Հայաստան», 17 հոկտեմբերի 1923, № 231, էջ 1)։

Արխիվում պահպանվել է նաև Ա. Բակունցի հետևյալ երկտողը. «Ստացա Զանգեզուրի ՀՕԿ-ի համար 2 օր<ինակ> շրջաբերական։ 23 հուլիսի <1923 թ.>: Բակունց» (ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 178, ց. 1, գ. 70, թ. 21։ Բնագիր՝ ինքնագիր): Այս շրջաբերական կոչվածը «Հայաստանի օգնության կոմիտեի երրորդ համագումարը» (Երևան, 1923) գրքույկն է, որում պարզաբանված են համագումարի հրավիրման հետ կապված հարցերը:

ՀՕԿ-ի համագումարում Ա. Բակունցի ունեցած ելույթների սղագրության պահպանված մասերը հրատարակվում են սույն հատորի համապատասխան բաժնում (տե՛ս էջ 501):

1 Այդպիսի հաշվետվություն ՀՕԿ-ի արխիվային գործերում չի գտնվել։