Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/618

Այս էջը հաստատված է

արել է մակագրություն. «Գրել հասցեներ» (նույն տեղում, ֆ. 132, ց. 1, գ. 394, թ. 42)։ Նույն օրը նա Մոսկվա` ամսագրի խմբագրությանը հայտնում է գավառի Սիսիանի, Գորիսի և Ղափանի շրջանային գյուղատնտեսների հասցեները (նույն տեղում, թ. 43)։

21. ՍԻՍԻԱՆԻ ՇՐՋԱՆ

(Գյուղատնտեսական ուսումնասիրության փորձ)

Բնագիրը (ինքնագիր)՝ ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 1, գ. 892, թթ. 78—88։ Առաջին անգամ հրատարակվել է՝ «Որոտան» (ՀԿԿ Սիսիանի շրջկոմի և շրջգործկոմի օրգան), 1969, № № 49, 50, 56, 57, 58, 62, 65, հրապարակում պատմական գիտությունների թեկնածու Լևոն Բեգլարյանի։ Նրանում, սակայն, տեղ են գտել առանձին սխալ ընթերցումներ և բացթողումներ։ Հրատարակվում է ինքնագրից։

Ձեռագրի լուսանցքներում գյուղվարչության կողմից արված են դիտողոթյուն-առաջարկություններ, իսկ վերջում՝ ընդհանուր գնահատականը, որ քմահաճ է. «Ուսումնասիրությունը չի տալիս պատկերը, թե արդյոք գյուղացիության գլխավոր պարպմունքը գյուղատնտեսության որ ճյուղն է, որը ավելի մեծ տվյալներ ունի զարգանալու և որն է ավելի ուշադրության արժանի, ինչ է հարկավոր զարկ տալու համար այս կամ այն ճյուղին»։

1 Ցորենը աշորայի (չավդար) վերափոխվելու տեսակետը նոր չէ, ունի հին ծագում։ Այն պաշտպանել են նաև առանձին գիտնականներ։ Սակայն այդ տեսակետը հիմնավոր չէ և ժխտվում է ժամանակակից գենետիկայի տվյալներով։ Պարզապես աշորան ավելի դիմացկուն է արտաքին անբարենպաստ պայմանների նկատմամբ և, խառնված լինելով ցորենի հետ, աճում է ավելի ինտենսիվ և որոշ ժամանակի ընթացքում բուսածածկում կարողանում է դառնալ իշխող, արտամղելով ցորենին։ Հետաքրքիր է, որ Բակունցը ճիշտ է հասկացել երևույթի էությունը։

2 Խոսքը պահպանված պատմական հեռավոր անցյալի պարարտացման հետամնաց եղանակի մասին է։ Քսենոֆոնը հին հունական պատմաբան է (V-IV դդ. մ. թ. ա.), որը 401 թ. մասնակցել է դեպի Պարսկաստան հունական զորքի կատարած արշավանքին և իր «Անաբազիս» աշխատության մեջ նկարագրել է պարտված յուրայինների (10 հազարանոց զորքի) նահանջը, որի ուղին անցնում էր նաև Հայաստանով։ Քսենոֆոնը նկարագրել է իր տեսած հայկական գյուղը, նրա հետամնացությունը:

3 Այստեղ և հաջորդ դեպքերում տեսակը հասկանալ սորտ:

4 Ճիշտ ձևն է՝ հացազգի (դաշտավլուկազգի) խոտաբոույսեր։

5 Քռոշնա՝ քուռուշնա, նաև՝ ֆրանսիական ոսպ (французская чечевица)։

6 Лён-долгунец—թելավուշ, երկարավուշ, թելատու կտավատ։

7 Лён-самосей—ինքնացան կտավատ կամ ցատկող կտավատ (лён-прыгунец)։

8 Ղաշղա կտավատը ոչ թե կտավատազգիներից է, այլ պատկանում է խուլ-եղինջազգիների կամ շրթնածաղկավորների ընտանիքին։

Այս և այլ մասնագիտական ծանոթագրությունների պատրաստմանը օգնել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պապին Ղանդիլյանը։