Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/633

Այս էջը հաստատված է

Թվագրվում է՝ ըստ Բակունցի զեկուցագրի երկրորդ օրինակի վրա արված մակագրության («Զեկուցանել: 18/X 26 թ.: Խ. Ավդալբեգյան)։ Հավանորեն Բակունցի այս զեկուցագիրն է հասցեագրվել ՀՍԽՀ Ժողկոմխորհին, 1926 թ. հոկտեմբերի 19-ին, որի մասին ակնարկ է արվում նոյեմբերի 13-ին Ժողկոմխորհ ուղարկած նոր զեկուցագրի կից գրության մեջ (տե՛ս վերջին զեկուցագրի ծանոթագրությունը՝ սույն հատորում, էջ 635-636)։

Հրատարակվում է առաջին անգամ:

Անդրկովկասի սովետական հանրապետությունների պետական սահմանների որոշումից հետո առանձին սահմանակից շրջանների գյուղերի միջև վեճեր դրսևորվեցին ջուր-անտառ-հողօգտագործման հարցերի շուրջը։ Վեճերը լուծելու համար 1920-ական թվականներին Անդրկենտգործկոմին կից գործում էր հատուկ հանձնաժողով՝ Սարգիս Կասյանի նախագահությամբ: Հարցերը նախապատրաստելու և ընդունված որոշումները իրագործելու համար տեղում աշխատում էին համապատասխան հանձնաժողովներ: Ա. Բակունցը (նաև ուրիշներ), որպես Հայաստանի ներկայացուցիչ, մասնակցել է այն հանձնաժողովի աշխատանքներին, որը հարդարում էր Զանգեզուրի ու Մեղրու (Հայաստան) և Քրդստանի ու Ջեբրաիլի (Կարյագինի՝ Ադրբեջան) գավառների միջև գոյություն ունեցող վեճերը։ Հանձնաժողովի նախագահն էր Յա. Կոչետկովը, ապա՝ Վանո Ստուրուան։

Հանձնաժողովը Զանգեզուրում աշխատել է 1925, 1926 և 1927 թվականներին։ 1926 թ. սեպտեմբերի 4-ի՝ հողժողկոմի տեղակալ Ռ. Դաշտոյանի և հողաշինարարական վարչության պետ Խ. Ավդալբեգյանի ստորագրությունները կրող № 5010 գրությամբ (պատճենը՝ Զանգգավհողբաժնին) այդ վարչության պետի տեղակալ Ա. Բակունցին հանձնարարվել է. «...մեկնել Զանգեզուրի գավառը և կատարել հետևյալ աշխատանքները.

1. Անդրկենտգործկոմի հողհանձնաժողովի ներկայացուցչի հետ միասին լուծել Զանգեզուրի սահմանային վեճերը Խ. Ադրբեջանի գավառների հետ: Այս խնդրում առանձնահատուկ ուշադրություն դարձնել հարավում՝ Արաքսի ափին ընկած ձմեռային արոտավայրերը Զանգեզուրի և Մեղրու գավառներին թողնելու խնդրի վրա» (այնուհետև շարադրված են Բակունցին տրված մյուս հանձնարարությունները)։

Հայտնաբերվել են Ա. Բակունցի մասնակցությամբ հանձնաժողովի նիստերի 6 արձանագրություն և մեկ ակտ (տե՛ս ՀՍՍՀ ՀՀՍՇ ՊԿԱ, ֆ. 123, ց. 16, գ. 103, թթ. 7—9, 10—11, 12 —13, 31 և գ. 227, թթ. 1—4, 21—22, 23—24)։ Զանգեզուրի և Քրդստանի գավառների մասին առաջին երկու արձանագրությունները կազմվել են 1925 թ, հոկտեմբերի 23-ին, երրորդը (№ 5) և ակտը՝ նոյեմբերի 1-ին (նիստերը կայացել են Գորիսում)։ Նույն թվականի դեկտեմբերի 17-ին հողժողկոմատի կոլեգիայում (տե՛ս («Բանբեր Հայաստանի արխիվների», 1979, № 2, էջ 91) և դեկտեմբերի 29-ին Զանգեզուրի գավգործկոմի նիստում (տե՛ս Լ. Բեգլարյան, էջեր Ակսել Բակունցի գյուղատնտեսական գործունեությունից, Երևան, 1969, էջ 21) Ա. Բակունցը զեկուցել է հանձնաժողովի աշխատանքի ընթացքի մասին:

1926 թ, սեպտեմբերի 12, 14 և 15-ին Փարիջան, Ագարակ և Գոյդարա-Խաշտաբ գյուղերում կայացած նիստում կազմվել է հանձնաժողովի չորրորդ արձանագրությունը։ Դրան հաջորդում են Բակունցի հոկտեմբերի 18-ի և նոյեմբերի 13-ի երկու, ինչպես նաև այլ զեկուցագրերը հանձնաժողովի գործունեության մասին։ Հոկտեմբերի 27-ին Ա. Բակունցը