Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/65

Այս էջը հաստատված է

անբաժան է մինչև մահ։ Աբովյանը սկսում է հետաքրքրվել Անդրկովկասի, մանավանդ նախկին այսպես կոչված «Հայկական մարզի» տնտեսությամբ։ Նրան հետաքրքրում է ազգագրությունը, թուրքերի, պարսիկների և քրդերի ժողովրդական ստեղծագործությունը։ Աբովյանի համար կարևոր խնդիր է դառնում նոր լեզվի, ժողովրդին հասկանալի լեզվի հաղթանակը։ Նա ո՛չ միայն դպրոցներում է սկսում դասավանդել այդ լեզվով, այլև կազմում և տպագրում է յուր «Նախաշավիղը», որ, իբրև վնասակար գիրք, կրակին է հանձնում Կարապետ եպիսկոպոսը[1]։ Վերջապես՝ Աբովյանը «բաց է անում իր փակ լեզուն», շարադրում է իր պատմական վեպը՝ «Աղասու գիրքը», որ ունի նույն անզուսպ և հախուռն թափը, ինչպես և նրա գործունեության մյուս ասպարեզները, որոնք բոլորը բխում են իրարից և սերտ շաղկապված են։ Նա չտեսավ իր վեպի լույս տեսնելը, բայց ձեռագրից շատ հատվածներ ինքը կարդում էր աշակերտներին, առաջին հերթին՝ լեզու սովորեցնելու նպատակով։

Հայտնի է «Վերք Հայաստանի» բովանդակությունը։ Աբովյանը այդ գիրքը գրել է 1841 թվին, Թիֆլիսում։ Երևանի գրավումից հետո նա գնացել էր Դորպատ, վերադարձել էր վեց տարուց հետո, իբրև «կես գերմանացի», և տեղավորվել Թիֆլիս։ Մի քանի անգամ Երևան գնալը նրան հնարավորություն չէր տվել ճանաչելու հենց թեկուզ Քանաքեռը այնպես, ինչպես նա կար գիրքը գրելու տարին։ Իսկ հետո, երբ տեղափոխվեց Երևան, երբ բազմաթիվ և երկարատև ճանապարհորդությունների ընթացքում նա ճանաչեց երկիրը, մարդկանց, ցարական ադմինիստրացիան, նա միայն դառնացավ, հուսահատվեց, սակայն ոչ մի բառ չջնջեց այն էջերից, որտեղ նա գովաբանել էր «Հյուսիսի արծիվին» Ներսես Աշտարակեցու հանդեպ տածած խոր հարգանքը, որ զուգորդվում էր Ներսեսի պաշտպանված քաղաքականության ջատագովման, փշրվեց նույն «Հայկական մարզում», որտեղ և ծնվել էր։ Այդ այն ժամանակն էր, երբ արդեն չկար օրապակաս «Հայկական մարզը», և նրա հետ միասին չքացել էին ազգային անկախ կյանքի ակնկալությունները։

Երբ 1836 թ․ Դորպատից Աբովյանը վերադառնում է, Թիֆլիսում արդեն նրա վրա իջնում է խոր հուսահատություն։ Նյութական ծանր վիճակը «Դորպատի ստուդենտին» հասցնում է այն դրության, որ նա ստիպված է լինում օթևանել ժամհարի մութ և անմարդ խրճիթում, այնտեղ, ուր ապրել էր շա՜տ առաջ[2]։ 1836 թ․ հուլիսին Թիֆլիսից գրած

  1. 96
  2. 97