Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/68

Այս էջը հաստատված է

դեպի առևտրական կապիտալը, որը պատերազմին հաջորդած խաղաղ շրջանում աճում էր ավելի արագ, ինչպես սունկերը՝ հորդ անձրևից հետո։

Մենք տեսանք նրա այն գրությունը, որում նա գրում է, թե իր հարաբերությունները Երևանի բնակիչների, այսինքն՝ վաճառականների հետ վատ են։ Կարելի է ուրիշ փաստեր բերել նրա երկերից։ «Էշ գեղցի» արտահայտությունը, որի դեմ նա բողոքում է, հատուկ էր սովդաքյարներին և կուպեցներին։ Նրա «Նախաշավղի» մեջ, որի բոլոր նյութերը նրա հեղինակությունն են, կա մի փոքր հատված՝ «Սուր պատասխանի» վերնագրով։ «Մեկ շինական մեկ վաճառականի հարցրեց. թե ի՞նչ ա ծախում։ Իշի գլուխ՝ պատասխանեց։ Ուրեմն դուք պետք է, լավ առուտուր ունենաք, որովհետև մեկ գլուխ ա մնացել։ Անկարգ խոսքը ծառային ևս չի՛ պետք է ասած»[1]։ Սակայն վաղուց արդեն վաճառականները այդպես և ավելի «անկարգ» էին խոսում ու վարվում շինականների հետ։ «Վաճառականության հոգին դժբախտաբար ծանրանում է նրանց գործերի ու ընթացքի վրա», — գանգատվել էր Աբովյանը։ Սակայն վաճառականությունն իր ժամանակի առաջատար ուժն էր, որ կուտակում էր միջոցներ և խարխլում հոգևոր և «աշխարհիկ» ավատականության մնացորդները։ Աբովյանը չիմացավ, որ իր ակնկալած «աստվածասեր» մարդը՝ մի վաճառական էր, Հովսեփ Փոնդոյանցը[2], որի ծախքով լույս տեսավ «Աղասու գիրքը», հեղինակի անհայտանալուց տասը տարի հետո։ Եվ այդ գիրքը կատարեց նաև անպիսի դեր, որի համար, եթե գիտենար Աբովյանը, չէր գրի ոչ մի «թաբաղա»[3]։

Ե

«Վերք Հայաստանին» գովք է ո՛չ միայն ռուսական զենքի, այլև հայ գյուղի, նրա բարքերի և այն ակնկալությունների, որ ուներ «Հայկական մարզի» գյուղը շահի և նրա սարդարների բռնությունից ազատվելու հույսով։ «Մեր գյուղում,— գրավոր հաղորդել է Աբովյանը Հաքստհաուզենին,— ամեն տարի տեսնում էինք սարքիարին, որ գալիս է ամառը հավաքելու կառավարության բաժինը տարվա հնձից։ Այս պարզ և քիչ Ժամանակ պահանջող գործի համար նա գյուղում սովորաբար, մնում էր 3֊ից մինչև 4 ամիս։ Գյուղացիք պարտավոր էին նրան հատկացնել ամենալավ բնակարանը, ինչպես և ծառայել նրան, նրա սպասավորներին

  1. 102
  2. 103
  3. 104