Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/73

Այս էջը հաստատված է

Ախուրյան գետին բոլորտիքը կը թափառեին։ Այս մարդիկները... սիրտ ճմլելու խոսքերով ինծի ստորագրեցին, թե առաջի տարիներն ինչ նեղություններ կրեր են և թե ի՛նչ վշտաց ու դառնությանց մեջ կ՚իյնան եղեր տեսնելով իրենց զավկըներուն, եղբայրներուն և բարեկամներուն վերջին աստիճանի խեղճությամբ մարիլ ու մեռնիլը։ Դժբախտությամբ, ռուսաց ստորին պաշտոնատերներն ալ... ասանկ արտասվելի թշվառությունը մեղմելու համար բան մը չըրին. մանավանդ թե անոնցմե շատերն ան աստիճանի անամոթացան, որ քիչ մը շարժական ինչք ունեցող քանի մը գաղթականաց ձեռքեն՝ նույն փոքր մնացորդն ալ կողոպտեցին առին»*[1]։

Քսան տարի էր անցել ռուսական նվաճումից, սակայն գաղթականությունը դեռ ամբողջովին չէր տեղավորվել և չէր վերականգնել իր տնտեսությունը։ Դրա փոխարեն ռուս կառավարությունը չտեսնված արագությամբ վերականգնում էր թիուլական և մյուլքադարական հողատիրությունը և ստեղծում ավելի խիստ պայմաններ գյուղացիների համար, քան պարսիկների ժամանակ։ Բազմաթիվ գյուղեր, որոնք առաջ չունեին նման պարտականություններ, «օրհնված ռուսի» տիրապետության օրոք ստիպված էին մտնել նոր լուծի տակ** [2]։ Որովհետև տրվում

  1. * Անդ, էջ <122-> 123:
  2. ** Իբրև նմուշ, ստորև բերում ենք Սամազար գյուղի հասարակության «խոնարհաբար խնդիրը» քաղվածաբար, ցույց տալու, թե ինչպես իրար հետևից գյուղերի վրա թաթ էին գնում «օրինական» և թե «ապօրինի» մյուլքագարները. «... ի 1826 ամի սկսյալ մինչ 1833 ամին մեք հասարակություն էինք սեպհական հարկատու ժողովուրդ արքունական և ամենայն հասանելի հարկն՝ թե՛ հողի և թե՛ ջրի, պարտավորյալ կվճարեինք ամե ամի, արքունական գանձարանին, բայց ետ լրանալո 1833 ամին եկին ի գյուղն մեր մյուլքադար երևանաբնակ երկոքին եղբարքն Աղաբեգ և Ջաֆար աղա Միրզա Հյուսեինովն, սոքա տիրեցին Սամաղարա երկու ախչա մուլքն և յուրաքանչյուր ախչին երկու խաչվարեն հող, առանձին յուրյանը վարելու համար... Ետ սորին եկն առ մեզ երևանաբնակ Ըռզաղուլի բեգ Քյարիմբեգովը, տիրեց յուր անձնական մի ախչա մուլքը երկու խալվարեն հողի հետ, զկնի նորա եկն Ջաֆարղուլի բեգ Մամատղուլիևը, տիրեց յուր անձնական մի ախչա մուլքը երկու խալվարեն հողի հետ, ետ սորա եկեալ տիրապետեցին Հեյգարղուլի և Նասիր բեղն Իսմայիլ Սուլթանովն յուրյանը անձնական մի ախչա վեց ագիլ և կես մուլքն և 2 խալվարեն վեց սոմար հինգ լդրեն հողն»... Նկարագրելով նրանցից կրած նեղությունները՝ հասարակությունը գրում է. «...մեր գյուղին են վեց մյուլքադար, չգիտենք, թե որի կամքը կատարենք, որ յուրյան հաճո լինենք, և յուրաքանչյուրին առանձին-առանձին պատկան բահրեն և յուրյանը հարկն կրել տան մերով բեռամբ քսան վեց վերստ ճանապարհ, և այս նեղությունը անտանելի է մեզ համար, քան զայլս»... և աղերսում են «թեթևացնել զծանրություն բեռանց մերոց...»: Այսպիսի բազմաթիվ վավերագրեր կան մեր Պետարխիվի հողգույքերի բաժնում, որոնք շատ պարզ ցույց են տալիս, որ գյուղացիները սարարների գերությունից ընկել էին ռուսական արքաների դժոխքը: