Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/76

Այս էջը հաստատված է

Մենք շոշափենք մի խնդիր ևս և վերադառնանք Աբովյանի անհայտացման նյութին։

Վերը բերինք Բոդենշտեդի այն դիտողությունը, թե հայերը 19-րդ դարի սկզբին ունեցել են մի կեղեքող՝ Պարսկաստանը, որին փոխարինում է հետագայում Ռուսաստանը։ Կարելի է ասել, որ 19-րդ դարի առաջին տասնամյակների մեր պատմության գլխավոր դեպքերը զուգորդվել են այս երկու ուժերի պայքարին՝ դառնալով մեծ չափով ռուսական առանցքի շուրջը։

Բայց կար երրորդ ուժը, Աբովյանի լեզվով ասած՝ Օսմանլուն։ Երբ ուսումնասիրվի և գրվի 19-րդ դարու, մանավանդ առաջին կեսի պատմությունը, որ, ի դեպ, ամենից քիչ է ուսումնասիրված, հայտնի կդառնա և մի ուրիշ օրիենտացիա կամ, լավ է ասել, բանակցությունների պատմություն, որի թելերը գալիս էին սուլթանների Ստամբուլից և նպատակ ունեին հայկական պատնեշ ստեղծելու ռուսական արշավանքների դեմ։ Վարել են բազմաթիվ գաղտնի բանակցություններ մի կողմից էջմիածնի, Պոլսի պատրիարքարանի և նրա շուրջը խմբված հայ սեղանավորների ու ամիրաների և, մյուս կողմից, Բարձր դրան միջև։ Մեզ այդ հետաքրքրում է միայն Աբովյանի քաղաքական կողմնորոշման խնդիրը պարզելու սահմաններում[1]:

Երբ վերացվում է «Հայկական մարզը» և դառնում գավառներ, երբ նրանք, մանավանդ Ներսեսի խմբակը, համոզվում են, որ «հայկական անկախությունը» առասպել էր և միայն տակտիկական մանյովր, որ այնքան գոված ռուսական զենքի հաղթությունները շոշափելի ոչինչ չտվին,— էջմիածնի և նրա շուրջը խմբված որոշ տարրերի մեջ նորից է զարթնում դեպի Տաճկաստանը դառնալու ձգտումը*[2]։

  1. 117
  2. * Այդպիսի տրամադրությունների արդյունք է Ս. Տեր֊Սարգսյանցի «Շահենն ի Սիպիր» գիրքը որի հեղինակը, ի միջի այլոց, Աբովյանի ոգուն ևս խոսեցնում է գրքի վերջում, երբ խոսում են Սիբիր աքսորված բոլոր ազգի աքսորականները։ Պոլսում տպված այդ գիրքը ամբողջությամբ ուղղված է ցարական Ռուսաստանի դեմ։ Մեզ հետաքրքրող շրջանի մասին հեղինակը հետևյալն է ասում. «Պարսիկն մեր կրոնին, մեր ստացվածքին, մեր կենաց թշնամին է ասացինք, հեռացանք իրմե և ինչպես կանեին մեր նախնիք Բյուզանդական կայսրության կողմն հակելով, նույնպես մենք արինք ռուսականի կողմը բռնելով։ Սակայն սրա պահանջած զոհն ավելի ծանր է. մեր եկեղեցվո անկախություն կուզե գնել, հեղինակությունն ջնջել, ազգային ընտանեկան ներքին կյանքի սարքն ու կարգ, վարքն ու բարք փոփոխել, լեզուն արմատախիլ անել... և հայ անունը միարարության խմորի մեջ շաղախել։ Եվ որ ամենեն վտանգավորն է, արդի ռուսն նախկին հույնին չի նմանիլ, սրա զորություն անդիմադրելի է, և մոլեռանդությունն՝ անկոպար, եթե հայոց ազգեն առաջ այս բարձրասարաս կաղնին չի բեկանի, չի խորտակվի, վայ է մեզ. գուցե հայն հողով ջրով անցնի։ Իմ հույսս միայն Տաճկաստանի վրա էր...» (Շահենն ի Սիպիր», 1877, էջ 316)։ Հիշատակենք դարձյալ արևմտահայ մի վկայություն Աբովյանի անհայտացման մասին «1848-ին,— գրում է Աբր. Այվազյանը,— հանկարծ կանհետիր և կը լսվի թե ոչ ևս է Խաչատուր։ Իր կենաց վերջին օրերն քաղաքական մթության մեջ կը մնան» (Աբր. Այվազյան, Շար հայ կենսագրությանց, հատ. 11, Լջ 84)