Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/81

Այս էջը հաստատված է

հարկ ենք համարում հայտնել, որ այդ անհրաժեշտաբար ոչ մի կապ չունի հեղափոխությանը մասնակցած որևէ կազմակերպության աշխարհայացքի համոզված հետևորդ լինելու հետ, այսինքն՝ հեղափոխության լուրը միայն առիթ էր, արտաքին հարված, որ նրան տեղից շարժեց այնպիսի նպատակով, որ անմիջական ոչ մի կապ չուներ 1848 թվի հեղափոխության հետ։ Մեր վերսիան եզրակացությունն է մինչև այժմ արած մեր դիտողությունների և բերած փաստերի։ Այնպես որ, չունենք անառարկելի նոր ապացույց, որի ներկայությունն ինքնին արդեն կբացառեր կռահելու անհրաժեշտությունը։

Այժմ տանք այն տեղեկությունները, որոնք կօժանդակեն պատկերացնելու 1848 թվի իրադարձությունները նախկին Երևանյան և հարևան գավառներում։ Անդրկովկասի իշխանությունը ձեռք է առնում մի շարք միջոցներ՝ ամենից առաջ սահմանների հսկողությունն ուժեղացնելու։ Թիֆլիսի զինվորական նահանգապետը մարտի 2-ին գաղտնի հրամանագրում է Երևանի գավառապետին՝ միջոցներ ձեռք առնել արգիլելու Պարսկաստանից և Տաճկաստանից եկող կրոնական քարոզիչների մուտքը. «Բարձրագույնս հրամայվում է իսպառ արգիլել մուտքը բոլոր հոգևոր անձանց, ովքեր էլ լինեն, նույնիսկ ռուսահպատակ, եթե հոգևոր կոչումը ստացել են արտասահմանում»*[1]։ Նույն հրահանգը կատեգորիկ կերպով արգիլում է մուտքն այն անձանց, որոնք ուզում են Դաղստան գնալ։ Իսկ հայտնի է, որ այդ, ինչպես և հետագա տարիները, Դաղստանում Շամիլի ապստամբությունն էր։ Ապրիլի 22-ին Երևանի գավառապետ Բլավատցկին Թիֆլիսի զինվորական նահանգապետին «հույժ գաղտնի» զեկուցագիր է ուղարկում այն մասին, թե ինքը սահմանագլխին նոր պահակախումբ է կարգել[2]։ Իսկ Սուրմալուի զասեդատելը հուլիսի 16-ին այսպիսի «պուբլիկացիա» է տալիս հայերեն և ռուսերեն. «Մեզ լուր եկավ, որ կտուրների վրա կրակ են վառում. սաստիկ հրամայեմ, որ մյուս անգամ չի համարձակվեն կրակ կամ ճրագ վառել»։

  1. * Պետարխիվ, Երևանի նահանգ. վարչ. գործերը, № 1-30։
  2. 127