Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/90

Այս էջը հաստատված է

«Որ լսում էի, թե մեկ մարդի պատիժ տվին յա բանատը քցեցին, որ ասում էին, թե Ռուսաստանիցը մեծ մարդ ա էկել, որ մեր երկրի ահվալն քննի, իմանա, որ կուսակալիցը, յա նախարտրիցը (մինիստրիցը) մեկ թուղթ էր գալիս, որ կառավարությունիցր (դիրեկցիիցը) ստորոժը գիրքը կռնատակին աչքիս չէ՛ր երևում, էնպես էի սարսափում, կարծում, թե էս ա, իմ վերջի օրը հասել, մոտացել ա, իմ արած չարությունը լիս ընկել, Պետերբուրգ, Մոսկով, Թիֆլիզ ինձանից գանգատով լցվել են, իմ բարեկամքը ինձանից ձեռք վերցրել, իմ թշնամիքը ինձ մատնել, ինձ պետք է տանին, սաղ֊սաղ թաղեն յա կախ տան... Ինձ պահողր հենց էս էր, որ ասում էի, թե մտքումդ դրել ես ազգին պետքը գաս, մեկ անուն թողաս, կմեռնես, մեկ վրեդ կանգնող, ողորմի տվող էլ չի՛ ըլիը։ Ապրիր, որ ասածդ անես, մուրազդ առնես։ Է՛ս, է՛ս էր ինձ ամեն դժոխքից, պատուհասից ազատում, հոգիս եդ բերում, թե չէ Քուռը վաղուց կըլեր իմ գերեզմանը»*[1]։

Սակայն ո՛չ Քուռը եղավ գերեզմանը, ո՛չ Զանգուն։ Այդ բոլոր դառնությունները նրան արդեն բերել էին այն հաստատ համոզման, որ հարկավոր է հեռանալ Անդրկովկասից, առհասարակ՝ Ռուսաստանից։ Այս իմաստով նա թեքվում էր դեպի այն խմբակը, որ դժգոհ էր թե՛ Ռուսաստանի վերաբերմունքից և թե՛ Ներսեսի քաղաքականությունից, իբրև առաջինի հլու հնազանդ գործիքը։ Այդ խմբակի մեջ կային և՛ հոգևորականներ, և՛ աշխարհականներ, որոնցից ոմանք գաղտնի անցնում էին Արևմուտք, հեռու Ներսեսից և ռուսական արքաների արյունոտ շոշափուկներից։ Աբովյանն էլ նույն ուղին է բռնում և, անկասկած, 1848 թվի հեղափոխության համբավն առնելով՝ մի հանգամանք, որ բոլորովին պատահմամբ զուգադիպեց դպրոցի հանձնման գործին և նրա պաշտոնից ազատ արձակվելուն։

  1. * Տե՛ս Խաչ. Աբովյան, Անտիպ երկեր, Թիֆլիս, 1904, էջ 8152։ Անբնական վախճան ունենալու անհանգիստ կասկածը երևում է, ո՛չ միայն Աբովյանի այս, ինչպես և «Վերք Հայաստանի» ծանոթ հատվածից, այլև նրա «Օվսանա» վիպակից, որի հերոսուհին Օվսանան, միտք արեց, որ Հայաստան անապատներ, վանքեր շատ կան, կէրթա, նրանց մեկի միջումը իր դառն օրը կսքա ու աշխարքի խռովությունիցն ու ղալմաղալիցն անկաջը դինջ՝ իր օրն անց կկացնի»։ Նույնպես «կորչել» է ուզում Օվսանայի սիրահարը՝ Վանոն. «Գլուխս պետք է առնեմ, կորչեմ, ընկնիմ սարեսար, քարեքար, կերթամ մեկ կորած աշխարք, արինս վեր կածեմ, որ ինձ հարամ ա եստուց դենը. ղոչաղությունով, քաջությունով էլ ա կմեռնեմ...» (տ՛ես «Կռունկ հայոց աշխարհին», 1861, № 5, էջ 675)153