Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/93

Այս էջը հաստատված է

Նա իրեն ճանաչել է որպես ժամանակակից հասարակական կյանքի այլանդակությունները պախարակող, Աննա թագուհու[1] արքունիքի և, առհասարակ, տիրող դասի ապականված բարքերը խարազանող ուժ, որ կարող էր իր երգիծանքի հրով այրել Ժամանակակից հասարակության թարախակալ խոցերը։

Գրքի հառաջաբանում, կապիտան Գուլիվերի նամակում՝ ուղղված նրա բարեկամ Ռիչարդ Սիմփսոնին, հեղինակն ասում է. «Ես խնդրել էի Ձեզ նամակով ինձ հաղորդել, թե ե՞րբ կանհետանան կուսակցական հաշիվներն ու խնդիրները. ե՞րբ դատավորները կդառնան ուսյալ և ուղղամիտ. փաստաբանները՝ ազնիվ, համեստ և թեկուզ մի կաթիլ առողջ մտքի տեր. ե՞րբ Սմիտսֆիլդը[2] կփայլատակի օրենսգրքերի բուրգերի բոցերից. երիտասարդ ազնվականների դաստիարակությունն արմատական փոփոխության կենթարկվի. իգական եհուները[3] կհորդան առաքինությամբ, պատվով, ճշմարտությամբ ու առողջ մտքով, արքունիքներն ու նշանավոր մինիստրների ընդունարանները կմաքրվեն և ավելով կսրբվեն, հանճարը, արժանիքը և ուսումը կվարձատրվեն։ Տպագրական խոսքն անարգողները, լինի արձակ թե չափածո, կդատապարտվեն մի բանի՝ կերակրի փոխարեն ուտելու իրենց սեփական թուղթը և ծարավը հագեցնելու իրենց թանաքով...»։

Ջոնաթան Սվիֆտը խիզախ խարազանող է 17-րդ դարի վերջի և 18-րդի սկզբի անգլիական արքունիքի, պալատականների, հոգևորականության, փաստաբանների, կեղծ գիտնականների հասարակության և նրա սահմանած կանոնների։ Հեղինակն իրեն առաջադրել է ո՛չ թե զվարճալի պատմություններով հռչակ ձեռք բերել, այլ մինչև վերջ մաքառել «հասարակական բարօրության» համար, այսինքն՝ երկաթե ավելով սրբելու կեղծիքը, խաբեբայությունը, ստորաքարշությունը, գծծությունը, կեղծ հայրենասիրությունը, մարդկային մեծամտությունը և այն բոլոր ապականությունները, որոնք, ինչպես թունավոր սունկերն աղբի վրա, փարթամությամբ աճել էին նրա ժամանակ։

Իր երկասիրության և, առհասարակ, իր կոչման մասին Սվիֆտը հետևյալն է ասում ճանապարհորդությունների չորրորդ գրքում.

«Սակայն ամոթ կլիներ ինձ, եթե ես գրեի հռչակի համար. բայց որովհետև իմ միակ ձգտումը հասարակական բարօրությունն է, ուստի այդ հանգամանքն ինձ ամենևին չի կարող հիասթափեցնել։ Արդարև, ով կարող է կարդալ երանելի հուիհընհընմների իմ հիշատակած առաքինությունների

  1. 1
  2. 2
  3. 3