Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/95

Այս էջը հաստատված է

ազդեցությունը կար։ Վերջապես՝ Սվիֆտը Մուրպարկում է տեսնում Եսթեր Ջոնսոնին, որի հետ ունեցած կապը վերջացավ տարիներ հետո այնպիսի ողբերգությամբ։

Սվիֆտի ինքնասիրությանը վիրավորում էր լորդ Տեմպլի տան հետ ունեցած անորոշ հարաբերությունը։ Երբեմն նա լորդի գրադարանն էր կարգի բերում, երբեմն անձնական քարտուղարի պաշտոն վարում և կատարում զանազան հանձնարարություններ։ Եվ այդ աշխատանքի ընթացքում նրան զգացնում էին լորդ Տեմպլից կախված լինելու հանգամանքը։ Եվ մի հասարակ առիթ բավական է լինում, որպեսզի Սվիֆտը հեռանա Մուրպարկից Իռլանդիա, նախ՝ որպես սարկավագ, ապա գյուղական քահանա։ Սակայն կարճ ժամանակից հետո նա նորից վերադառնում է Տեմպլի կալվածքը և ապրում մինչև 1699 թիվը, երբ մեռնում է Տեմպլը, Ջոնաթան Սվիֆտին կտակելով մի աննշան գումար և իր վերջին հեղինակությունների հրատարակության պարտականությունը։

Լորդ Տեմպլի կտակը կատարելուց հետո Սվիֆտը վերադառնում է Իռլանդիա, դարձյալ որպես գյուղական քահանա, թեև լորդ Բերկլին նրան խոստացել էր ավելի բարձր պաշտոն։ Հետաքրքիր է նշել այն, որ այդ տարիներում Սվիֆտի ի պաշտոնե ասած՝ կիրակնօրյա քարոզները հագեցված էին կծու հեգնությամբ և գազազած մարդու դառնությամբ: Նրա կենսագրությունից հայտնի է նրա միայն մի քարոզը՝ «Եկեղեցում քնելու մասին», որ նա ասել է որպես գյուղական քահանա։

1701 թվին վերադառնում է Լոնդոն։

Վիգերի կառավարության նախագահի՝ լորդ Սոմերսի դեմ տորիների կուսակցությունը կրքոտ արշավանք էր սկսել։ Ջոնաթան Սվիֆտը լինելով վիգերի կողմնակից, հեղինակում է մի փոքրիկ աշխատություն հին Հռոմի և Աթենքի քաղաքացիական կռիվների մասին։ Այդ աշխատության մեջ Սվիֆտը ջախջախիչ հարվածում է նրանց, որոնք նախանձից դրդված՝ պախարակում են պետական ականավոր գործիչներին։ Գիրքն աղմուկ է հանում, լորդ Սոմերսի հակառակորդները տեղի են տալիս, և հեղինակը, մանավանդ երեք տարի հետո, երբ լույս է ընծայում իր «Հեքիաթ տակառի մասին» գիրքը, իսկույն դասվում է Անգլիայի նշանավոր գրողների շարքը։

Սվիֆտը բարեկամների և, առաջին հերթին, լորդ Սոմերսի միջոցով աշխատում է ձեռք բերել եպիսկոպոսի պաշտոն։ Սակայն իզուր են