Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/96

Այս էջը հաստատված է

անցնում նրա բարեկամների ջանքերը. նրա թեկնածության դեմ ծառանում են հին թշնամիների հետ և նորերը` մեծ մասամբ հոգևորականներից, որոնք գազազել էին «Հեքիաթի» հեղինակի համարձակ քննադատությունից` ուղղված եկեղեցականների դեմ:

Սակայն երբ տապալվում է վիգերի կառավարությունը, և իշխանության գլուխն են անցնում տորիները՝ Սվիֆտի նախկին հակառակորդները զարմանալի վարպետությամբ Սվիֆտը կարողանում է խզել իր կապերը նախկին բարեկամների հետ և անցնում է հակառակորդ բանակը, որտեղ նրան ընդունում են գրկաբաց, չնայած որ այդ բանակի շատ ղեկավարներ իրենց կաշվի վրա զգացել էին Սվիֆտի հեգնանքի սուր սլաքների խայթը։ «Հեքիաթի» և քաղաքական պամֆլետների տաղանդավոր հեղինակը շատ կարևոր ուժ էր տորիների համար։

Այս անձնական վարքագծի անհաստատ լինելը սովորաբար բացատրել են Սվիֆտի փառամոլությամբ։ Այդ մասին է ակնարկում Հերման Հետները[1], երբ գրում է հետևյալը. «Սվիֆտին ճնշում էր այն գիտակցությունը, որ ինքը սխալվել է իր կոչման մեջ։ Նա իրեն ծնված էր համարում պետական գործունեության համար, այնինչ չքավորությունը նրան ստիպել էր հոգևորական դառնալ։ Իսկ որպես հոգևորական, նա չէր կարող լինել պառլամենտի անդամ։ Ուստի ամբողջ եռանդով ձգտում էր եպիսկոպոսի պաշտոնին, որպեսզի մուտք ունենար Վերին պալատը։ Դրա համար էլ հարում էր քաղաքական մի կուսակցությունից մյուսին, վիգերից՝ տորիներին[2], որպեսզի ավելի հեշտությամբ իրագործի իր թանկագին ծրագիրը։ Սակայն, հակառակ դրան, նա երբեք չհասավ այդ նպատակին։ Այնինչ, վիրավորված ինքնասիրությունն ավելի և ավելի էր գրգռվում»։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ քայլից հետո, նա երբեք չդավաճանեց իր լիբերալ սկզբունքներին։

Տորիների կառավարության օրոք սկսվում է Սվիֆտի, որպես պետական գործչի հաջողությունների կարճատև շրջանը: Նա մինիստրների հետ բարեկամ է, լինում է Աննա թագուհու արքունիքում և ոչ միայն տեղյակ է քաղաքական կյանքի կարևոր անց ու դարձին, այլև համարձակ խառնվում է պետական բազմապիսի գործերի, մերթ որպես “The Examiner“ հանդեսի խմբագիր, մերթ որպես մինիստրների անձնական բարեկամ և խորհրդատու: Սակայն այս անգամ էլ նրան չի հաջողվում ստանալ եպիսկոպոսի պաշտոն, և թագուհին, զիջելով մինիստրներից

  1. 5
  2. 6