Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/97

Այս էջը հաստատված է

ոմանց թախանձանքին, Սվիֆտին է հանձնում Դուբլինի սուրբ Պատրիկ եկեղեցու դեկանի պաշտոնը։

Հազիվ էր Սվիֆտը ստանձնել նոր նշանակումը, երբ մահացավ Աննա թագուհին, տապալվեց տորիների կուսակցությունը, և Սվիֆտը մի կերպ կարողացավ իրեն ազատել այն հալածանքից, որ սկսել էին հին կառավարության դեմ։ Նա խզեց իր կապերը Լոնդոնի գրական շրջանների հետ, անհանգիստ վիճակ ապրելով Դուբլինում, որտեղ նրան դիմավորել էին քարերի կարկուտով, իբրև դավաճանի, որ մասնակից էր եղել Իռլանդիայի ազատությունը խեղդող տորիների տապալված կառավարության գործերին։ Այնուամենայնիվ, սուրբ Պատրիկի դեկանը Դուբլինից շարունակում էր հետևել նոր կառավարության քայլերին, սպասելով առաջին պատեհության նրան խարազանելու համար:

Եվ այդ առիթը եղավ իռլանդական նոր դրամի օրենքը, ըստ որի՝ ոմն Ուիլյամ Վուդ կառավարությունից մենաշնորհ իրավունք էր ստացել նոր դրամ կտրելու Իռլանդիայի համար։ Ահա հենց այդ օրերին, իրար ետևից լույս են տեսնում այսպես կոչված «Մահուդագործի նամակները», որ Ջոնաթան Սվիֆտին դարձնում են դրոշակ, որի շուրջը հավաքվում են Անգլիայի քաղաքականությունից դժգոհ իռլանդական առաջադեմ տարրերը։ Առաջին երեք նամակներն ուղղելով Ուիլյամ Վուդի դեմ, չորրորդ նամակում Սվիֆտը, որ հանդես էր գալիս «Մ. Բ.» կեղծ անունով, դնում է Իռլանդիայի ազատության խնդիրը կատաղաբար հարձակվելով անգլիական թագի իրավունքների դեմ։ «Ձեր ազատության միջոցը ձեր ձեռքին է։ Ես սկզբնական նյութից մի քիչ շեղվեցի, որպեսզի կենդանացնեմ այն ոգին, որ ձեր մեջ զարթնել է, նպատակ ունենալով նրան առաջ մղելու, որպեսզի վերջապես դուք տեսնեք, որ ըստ Աստծո, բնության, ժողովուրդների և ձեր սեփական երկրի օրենքների, դուք նույնպիսի ազատ ժողովուրդ եք և պիտի դառնաք նույնպիսի ազատ ժողովուրդ, ինչպես ձեր եղբայրներն Անգլիայում»

Կառավարությունն իզուր էր ջանում հանգստացնելու այդ նամակների առաջ բերած հուզումը։ Օրենքը թույլ չէր տալիս Սվիֆտին ձերբակալելու, որովհետև նրա հեղինակությունը հնարավոր չէր հաստատեր իռլանդացիներից և ոչ մեկը չկամեցավ ստանալ կաոավարության նշանակած պարգևը՝ 300 ֆունտ ստեռլինգը, Սվիֆտին մատնելու: Վերջապես՝ կառավարությունն ստիպված եղավ վերացնել Վուդին տված