Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/98

Այս էջը հաստատված է

մենաշնորհը: Այդ դեպքերն է ակնարկում Սվիֆտն իր տապանագրով, որ պատրաստել էր ինքը, երբ իրեն անվանում է «ազատության նախանձախնդիր» — strenuum libertatis vindicem...

Սակայն այդ դեպքերից հետո Սվիֆտը նորից փորձ է անում վերականգնելու իր խախտված դիրքը։ 1726 թվին մի անգամ էլ վերադառնում է Լոնդոն և տեսակցություն ունենում Ռոբերտ Ուոյլպոլի հետ։ Նա Լոնդոնում տեսակցում է բազմաթիվ մարդկանց հետ, որոնք մոտ էին կանգնած արքունիքին, նույնիսկ միջնորդություն է հարուցում Գևորգ II-ի[1] առաջ՝ եպիսկոպոսի աստիճան ստանալու, բայց ամեն տեղ հանդիպում է ձախողության և սառը վերաբերմունքի։ Գազազած այդ բոլորից՝ նա վերադառնում է Իռլանդիա, դժգոհելով իրենից, շրջապատից, հետզհետե ամփոփվելով ինքն իր մեջ, այլևս չմտածելով քաղաքական ասպարեզի մասին։

***

Անձնական կյանքի այդ անհաջողություններին զուգորդել էր այլ դժբախտություն, որ, կարելի է ասել, իսպառ կործանեց Ջոնաթան Սվիֆտի վերջին հավատը դեպի մարդը։ Այդ միաժամանակ երկու կնոջ՝ Ստելլայի և Վանեսսայի հանդեպ ունեցած նրա սերն էր, մի զգացում, որ, ինչպես նկատել է Հերման Հետները, «ամեն անգամ մարդկային սիրտը դիտողին մտածել է տալիս, և որը հազիվ թե երբևիցե ստանա բավարար բացատրություն»։

Եսթեր Ջոնսոնը (Ստելլա), որը, ինչպես վերը հիշեցինք, Ուիլյամ Տեմպլի դղյակում ծանոթացել էր Սվիֆտի հետ, 14 տարով փոքր էր նրանից։ Վանեսսան կամ Եսթեր Վանոմրիգը, որին առաջին անգամ Սվիֆտը հանդիպել էր Լոնդոնում, նրանց տանը, Ստելլայից ավելի դեռատի էր։ Եվ ահա՛ նախ Ստելլան, ապա Վանեսսան, հակառակ իրենց բնավորությունների և տարիքի տարբերության, սիրում են այդ խստաբարո, անձնական հարաբերությունների մեջ սիրալիր, դաժան, բայց միաժամանակ և զգայուն սրտի տեր Ջոնաթան Սվիֆտին։ Երբեմն թվում է, թե Ստելլան է նրա սրտին մոտ։ Երբ Սվիֆտը տեղափոխվում է Իռլանդիա, Ստելլան հետևում է նրան և տեղավորվում նրա բնակարանում։ Բայց, միաժամանակ, Սվիֆտը չի կարողանում իր կապերը խզել Վանեսսայի հետ, նրան սիրային նամակներ է գրում և խոստովանում, «որ ոչ ոք Ձեզ այնպես չի սիրել, հարգել, պաշտել, ինչպես

  1. 7