Այս էջը սրբագրված է

ծեր էին մեքենական բանի մը՝ կանխապես և ընդմիշտ որոշված շարժումներով։


Կոմկուսի հրահանգիչը կպատվիրեր Միհրանին՝ ուշադրությամբ հետևիլ բոլոր մանր֊մունր դեպքերուն և օգուտ քաղել գրասենյակի մեջ հառաջ եկած անախորժություններեն՝ այդ մարդոց գիտակցությունը արթնցնելու համար։ Բայց անոնք, ինչ որ ալ պատահեր՝ արժանապատվության վիրավորանք, աշխատավարձի կրճատում որևէ պատճառով, արտաժամյա անվարձ աշխատանք և այլն, կքրթմնջեին, բայց կհարմարվեին և կհպատակվեին, և երբ Միհրանը շատ պնդեր, կսրտնեղեին։


— Ֆրանսայի մեջ,— կըսեին անոնք,— այս այսպես է…


Ուրիշներ կըսեին.


— Մեր երկիրը շատ հեղափոխություն տեսած է, բայց փորձը ցույց տված է՝ որքան փոխվի, այնքան նույն բանն է:


Միջոց մը Միհրանը փորձեց իր ընկերներուն խոսիլ ռուսական հեղափոխության վրա, բայց անոնք ծաղրական տրամադրությամբ պատասխանեցին.


— Ա՜հ, այո՛, թող փորձե՛ն, դեռ նոր են այդ կարիերայի մեջ, թող քիչ մը ուրիշներն ալ համը առնեն հեղափոխություն ընելու փափագին… մենք մերը ըրեր պրծեր ենք…


— Բայց նույն բանը չէ,— կըսեր Միհրանը, հակառակ կամքին գրգռվելով,— սա պրոլետարիատի հեղափոխությունն է, բանվորներու, գյուղացիներու…


— Ա՜հ, այո՛, պրոլետարիատը… այդ մենք գիտենք, կճանչնանք այդ ցեղը, մենք ունինք մերը, չէ՞, գիտենք ի՛նչ է. այդ պարոնները կուզեն առանց աշխատելու փող ստանալ… ծիծեռնակները իյնան իրենց բերանները արդեն խորոված, այդ է, չէ՞… Կարող ես խոսիլ այդ ի ծնե ծույլերու մասին։


Երբ պրոլետարիատի խոսք կըլլար, գրասենյակը պահ մը կալեկոծվեր, այդ պարոնները կատեին բանվորները. մարդիկ իրենց ակնոցները կբարձրացնեին ճակատներնուն վրա և կխոսեին խառնիխուռն, անոնք փարիզյան պրոլետարիատի շարժումներուն կվերագրեին տնտեսական և ֆինանսական տագնապները, անգործության մղձավանջը, որ