Այս էջը սրբագրված է

այդ պահուն իր երկար և վերջի տարիներու տանջալի կյանքի ընթացքին կուտակված արցունքները հանկարծ հոսեցան: ՈՒ անցորդները իրենց հապճեպին մեջ տեսան այդ սպիտակահեր մարդը՝ այտերուն վրա երկու խոր ակոսներով, որ ուսերը ցնցելով, հեկեկալով կուլար և առատ արցունքը կթափեր մինչև գետին: Անիկա՝ իր հեծկլտանքներեն խեղդվելով, կըսեր գրեթե աղերսագին.


- Յորկի՛, ես ողջ մնացի, վերադարձա, բայց հայրդ մնաց… կորսվեցավ։


Քիչ հետո անոնք նստած Էին Լիոնի կալարանի շենքին դիմացը, անկյունի սրճարանը և կխոսակցեին։


Դուրսը անձրև կտեղար մեղմորեն, և տարօրինակ աղմուկ մը, որը երբեք չէր դադրեր և որը իր հարատևության մեջ տեսակ մը ռիթմ ուներ, խուլ կորոտար: Հակառակ օրցորեկին, սրճարանը ողողված էր էլեկտրական լույսերով, և երբ անոր դռները կբացվեին, դուրսի խոնավությունը և աղմուկը կխուժեին ներս, գրեթե անլսելի դարձնելով իրենց խոսքերը:


— Աս միշտ ասա՞նկ է հոստեղ,– հարցուց Բարպան Յորկիին…


Յորկին ժպտեցավ և չի պատասխանեց։ - Հակառակի պես այսօր արև ալ չի կա,– մրմնջեց Բարպա Խաչիկը։


— Այս երկրին արևը Էլեկտրականությունն Է, — ըսավ Յորկին:


Միհրանը և Վիկտորյան լուռ կհետևեին խոսակցության և առայժմ գոհ Էին, որ Բարպայի տագնապը անցավ, անիկա հանդարտ Էր, բայց շշմած Էր, երբեմն իրեն կթվեր, որ քաղաքին որոտացող աղմուկը իր մեջ ունի անորոշ սպառնալիքներ, և անիկա ուշադիր կդառնար, ինչպես վտանգի ենթարկված մարդը, այդ անհասկնալի և անսահմանելի աղմուկին մեջ որսալու համար որևէ իմաստ ունեցող ձայն, վանկ կամ շեշտ:


Յորկին կրնակեր Բրոկա փողոցը, բանվորական տան մը մեջ, ուր սենյակ մը վարձած էր, անիկա հաջողեր էր իր ազ-