Այս էջը սրբագրված է

կոմունիստական անդասակարգ հասարակության մեջ, քան թե այն պայքարի և մաքառումի կյանքը, որը կապրեին այդ շրջանին մարտական պրոլետարները, ընդարձակածավալ հեղափոխական երկրին մեջ։ Այն ատեն Մարիան այդ բոլորը շատ լավ կգտներ ռուսներու համար, բայց ոչ ֆրանսիացիներու համար։


— Մենք, կտեսնե՞ս, Միհրա՛ն,– կըսեր ան,– լատինական կազմություն ունեցող ժողովուրդ ենք. մեր միտքը կնդունի ամեն ինչ, կըմբռնե բոլոր ժամանակներու և վայրերու մեջ կատարվածները, նույնիսկ սիստեմներու կվերածե, ամեն մեկը կդնե իր արկղիկին մեջ և առարկայական անդորրությամբ կդիտե հավասար հետաքրքրությամբ, կամ եթե կուզես՝ անտարբերությամբ, այդ արկղիկներու բովանդակությունը, որքան ալ արտառոց ձևեր և երևույթներ ունենան անոնք։ Բայց մեր լատինական մտքի դեմ մեղանչել է՝ այդ արկղներեն մեկուն բովանդակածը վերցնել, ֆեթիշ դարձնել, մոլեռանդվիլ, հուր և կրակ թափել անոնց վրա, որ ուրիշ արկղիկի մը բովանդակության կողմն են։


Միհրանը կսրտմտեր, կզայրանար և նույնիսկ անեծք կթափեր այն դաստիարակության վրա, որ Մարիան ստա– ցեր էր։


— Մարքսիզմը քարացած վարդապետություն չէ,— կըսեր ան հրայրքով,— մարքսիզմը հոսուն կյանքի օրենքներու գիտական ճանաչողությունն է և այդ ճանաչողութենեն բխող փիլիսոփայությունը… Մարիա՛, Մարիա՛, այն օրը, որ ըմբռնես, թե քոլ արկղիկներու թեորիայով որքան ետ մնացած ես… որքա՜ն ծեր ես… հետամնաց… այն ատեն միայն կհասկնաս իմ զայրույթիս իմաստը, որովհետև ես քեզ կսիրեմ,– ըսավ ան հանկարծակի, — և կուզեմ քեզ դուրս բերել այդ քարացած վիճակեն, կուզեմ, որ դուն քալես ինձ հետ նույն ճանապարհին վրա, իմ քայլերուս համընթաց…


Մարիան՝ կապույտ աչքերը խոշոր բացած, կնայեր Միհրանին. անիկա դողահար զարմացում մը ուներ, այդ կապույտ աչքերը աստիճանաբար մշուշվեցան խոնավությամբ, հետո արցունքի երկու խոշոր կաթիլներ ինկան անոր այտերուն վրա։