Այս էջը սրբագրված է

— Թող քանի մը ամիս անցնի, տեսնենք ի՞նչ կմնա այդ ոգևորութենեն,— ըսավ ան Միհրանին։


Օժտված գործնական իմացականությամբ, ժրաջան և մեթոդիկ, Ժանեթը ժպտուն ներողամտությամբ կդիտեր միշտ հանկարծական բռնկումները։ Բայց իր նույն այդ գործնական իմացականությունը կթելադրեր իրեն օգուտ քաղել ամեն, նույնիսկ անցողական, ոգևորութենե, միշտ պահելով սանձերը իր ձեռքին մեջ՝ պրոլետարական ճակատին ի նպաստ։


Այդ օրերուն մեջ էր, որ տեղի ունեցեր էր Բիյանկուրի զենքի գործարանի արկածը, և Փարիզի բոլոր պրոլետարական ուժերը միացեր էին բողոքի ցույց կազմակերպելու անխնա շահագործողներուդեմ։


Այդ ցույցը կարող էր ունենալ հետևանքներ, տեղի տալ ուրիշ ցույցերու։ Միհրանը կզգար, թե րոպե չուներ կորսնցնելիք։ Պետք էր նաև շուտով կարգադրել իր ամուսնության խնդիրը ֆրանսուհիին հետ, որպեսզի ավելի ազատ զգար իրեն իր շարժումներուն մեջ և ահա այդ բոլորին հետ… Մաննիկը։

                         *
                      *     *

Վիկտորյան կերթար կուգար խոհանոցին մեջ, կզբաղեր առտնին գործերով, երբեմն պղնձե ամանի մը մետաղը մեղմորեն կհնչեր որևէ բախումի հետևանքով։ Պարտեզի դուռը բացեր էին՝ հակառակ առավոտյան ցուրտին, և մշուշապատ մթնոլորտին մեջեն Միհրանին կհասնեին ուրիշ տուներու մեջ վառված վառարաններեն ծուխի և խանձի հոտեր։ Տանիքներու վրա արդեն ծխնելույզները դուրս կբերեին, Ճերմակ և գորշ փետուրներու պես, ընտանեկան վառարաններ ու մեղմ ծուխը։


Յորկին և Բարպան ալ արթնցան, հապճեպով խմեցին իրենց կաթով սուրճը և երեքով դուրս ելան՝ կայարան էրթալու համար։ Արծաթագույն հորիզոնին վրա դժգույն–վարդագույն ամպեր կծածկեին արևին ճաճանչները։ Բոլոր պարտեզներեն կարտաշնջվեր խոնավության, մամուռի և ապականության ենթարկված աշնանային տերևներու հոտը։