Այս էջը սրբագրված է

պին վրա և կուտեին չոր բաներ, որ կգնեին մոտակա նպարավաճառեն։


— Լա՛վ, մամա՛, ես կերթամ գնումները կընեմ,—ըսավ Մաննիկը։ Եվ ահա այդ գնումները ընելե հետո, Մոնժ փողոցի մայթի վրա, Մաննիկը հանդիպեր էր Միհրանին։ Փարիզ հասնելու առաջին օրեն Մաննիկը հուսաբեր էր Միհրանը գտնել։ Անիկա կմտածեր, որ երիտասարդը, իր մտադրության համեմատ, դարձած էր ուսանող և դժվար չէր անոր հետքը գտնել հարցուփորձելով ուրիշ հայ ուսանողներ, որոնք կվխտային Սեն֊Միշելի սրճարաններուն մեջ։ Բայց Մաննիկը որոշեր էր այդ որոնումը կատարել, երբ գործ մը գտներ, անկախ և ապահով վիճակի մեջ ըլլար։ Անիկա մտադրեր էր նաև ամեն ինչ խոստովանիլ Միհրանին, պատմել անոր իր անցուցած կյանքը, հրաժարելով որևէ ամուսնական նպատակե Միհրանին հետ և անոր հետ կապվիլ եղբայրական և ընկերական կապերով։ Մաննիկին համար քաղցր էր մտածել, որ հանձին Միհրանի պիտի գտներ պարկեշտ և ազնիվ երիտասարդ մը, որ կարող էր իրեն բարոյական նեցուկ ըլլալ և որուն հետ ամեն պարագային ծանոթ էր մանկության շրջանեն։


Որքան ատեն, որ Մաննիկը հեռուեն մտածեր էր Միհրանի մասին, անկեղծ էր իր այդ մտածումներուն մեջ, բայց երբ ան հանկարծակի դեմառդեմ գտնվեցավ անոր հետ, հուզմունքի բուռն ալիք մը բարձրացավ իր մեջ։ Առաջին անգամ Միհրանը ճանչցեր էր Մաննիկը և ետևեն մրմնջեր էր.


— Մաննի՛կ, Մաննի՛կ…


Ընդոստ դառնալով դեպի ձայնը, Մաննիկը տեսեր էր բարձրահասակ և նիհար երիտասարդ մը, որուն նուրբ դեմքին վրա կվառեին երկու խոշոր սև աչքեր։ Բարակ կամարաձև հոնքերը բարձր ճակատին վրա կդպեին բասկյան բերետի եզրին։ Միհրանը ձեռքը երկարեց և ջերմությամբ սեղմեց Մաննիկի ազատ ձեռքը, որ կիսատ երկարած էր՝ թևին վրա եղած ծրարներուն պատճառով։ Միհրանը անկեղծորեն գոհ էր այս հանդիպումեն. այդ կերևար անոր ժպտուն նայվածքեն, մտերմական անսեթևեթ ձևերեն և այն անկաշկանդ խոսքերեն, որ ըսեր էր։ Բայց Մաննիկը զգացեր էր, որ իրենց դերերը