Այս էջը սրբագրված է

ները զարդարելու արժանի սոնետներ կգրեին։ Ոմանք իրենց ունեցած վերջին սանտիմները կհատկացնեին իրենց ստեղծագործությունները տպելու համար և խորապես կդառնանային իրենց մանսարդները խճողված տեսնելով այդ գիրքերու կույս ծրարներով։ Ոմանք ալ ճարահատ, թևերնուն տակ գնելով տասնյակ մը հատորներ, սրճարանները կերթային ծախելու համար իրենց գիրքը բարեհաճ և անգործ մարդոց։ Մեծ թիվ մը կկազմեին, անշուշտ, իրենց ուսմունքը երբեք չսկսած կամ կիսատ թողած ուսանողներ, որոնք պարարտ թոշակներ կերազեին կամ կձգտեին «ազգային գործիչ» դառնալու և, բան մը ընելու երևույթ ունենալով, օրնիբուն անցընելու նարդիի կամ թղթախաղի սեղաններու առաջ: Կային այնպիսիները, որոնք բոլշևիկներ կփնտրեին՝ իրենց թանկագին ծառայությունները առաջարկելու համար, և սպասելով այդ բախտին, որը կպատկերացնեին «կարմիր ոսկիներու» տեղատարափով, խնդրագիրներ կգրեին Փարիզի հին գաղութին պատկանող ջոջերուն՝ օգնություն աղերսելով: Կային, որ իրենց խոսակիցի ականջին կփսփսային՝ «Ես շատ հայտնություններ ունիմ ընելիք», ուրիշներ, որ ծառայեր էին և դեռ կծառայեին ազգայնական կուսակցություններու, բայց կհամարեին, որ իրենց ստացած վարձքը չնչին բան է, լուտանքներ կթափեին նույն կուսակցություններու շեֆերու հասցեին, նախանձով և մաղձով լեցված անոնց նկատմամբ, որոնք «չաղ ամսականներ ունեին», կըսեին և կզարմանային, որ այդ ազգայնական կուսակցություններու դեմ պայքարողները երախտապարտ չէին իրենց:


Այդ թափառական մարդոց մեջ կային նույնիսկ անբավարար վճարված տեռորիստներ, որոնք կըմբոստանային իրենց գործածողներուն դեմ, հաշիվ կպահանջեին գաղտնապես եղած հանգանակություններուն համար, որոնք կատարվեր էին ի նպաստ իրենց գործած արարքին, և իրենց ծառայությունը կառաջարկեին ավելի վճարողներուն։


Սենի ձախ ափի սրճարանները հաճախողներուն մեջ հազվադեպ էին առևտրականները, որոնք կորջանային գլխավորապես Լաֆայետ և Կադե փողոցներու սրճարաններու մեջ, հազվադեպ էին նաև ռուսահայ տարագիրները, որոնց շահա-